ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին և նրա փոխարեն դեսպան նշանակել Վարդան Տողանյանին: ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է մի քանի կենսագրական տվյալներ՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանի կյանքից: 

 

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը (ICIJ ) 2016 թվականի մայիսի 9-ին տվյալների բազա էր հրապարակել, որում շուրջ 214 հազար օֆշորային ընկերություններ են ընդգրկված՝ գրանցված 21 տարբեր վայրերում. Նևադայից մինչև Հոնկոնգ և Բրիտանական Վիրգինյան կղզիներ: Այս տեղեկությունը ներկայացվել է, այսպես կոչված, «Պանամյան փաստաթղթերի» հետաքննության շրջանակում, որոնք տեղեկություններ են պարունակում օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների և դրանց հետևում կանգնած մարդկանց մասին:


Փաստաթղթի Հայաստանի բաժնում 37 անուն կար, այդ թվում՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անունը: Պանամյան փաստաթղթերում եղել են նաև սփյուռքահայեր, շատ են եղել հատկապես Ռուսաստանում բնակվող հայերը, այդ թվում ՌԴ նորանշանակ դեսպանը՝ Վարդան Տողանյանը, ով 1993-95 թ.թ. ՀՀ ԱԳ նախարարության առաջին քարտուղար է եղել: 

 

1992-1994թթ. եղել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ, այնուհետև՝ Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար:

 

Վ. Տողանյանը 1998-2000 թթ. եղել է դեսպանության խորհրդական: 2001թ. մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Վ. Տողանյանը անդամակցում է Անկախ տնօրենների ասոցիացիային: Ամուսնացած է, ունի 4 երեխա: