Ազգային ժողովի պատգամավոր, ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը համարում է, որ դաշինքը միակ ընդդիմադիր բևեռն է, որը իշխանության է հավակնում: Մարտի 10-ին Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը Մարուքյանն ընդգծեց, որ իրենց նպատակը ընտրությունների արդյունքներով այնպիսի փոփոխությունների հասնելն է, ինչը թույլ կտա իրենց՝ կյանքի կոչել նախանշված ծրագրերը:
«Ես գտնում եմ, որ ապրիլի 2-ին Հայաստանի քաղաքացին գիտակցված ընտրություն կկատարի և կընտրի մեր դաշինքին, իսկ մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողով՝ ծառայության»,- ընդգծեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նաև վստահեցրեց, որ ԵԼՔ դաշինքը բացառում է ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը: