Եթե ստիպված եք ընտրակաշառք վերցնել, գոնե ձեր քվեն տվեք այն քաղաքական ուժին, ում հավատում եք: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին Երևանի Եվրոպական ակադեմիայում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

 

Ներկաներից մեկի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժը մինչ գումար տալը բջջային հեռախոս է տալու, որով պետք է նկարել քվեաթերթիկը, որպեսզի համոզվեն՝ իրենց ես ընտրել, նոր գումար տան, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ քվեարկության կարգն այնպիսին է, որ կարող են նկարել այն քվեաթերթիկը, որը ցանկանում են, քանի որ տրվում է 9 քվեաթերթիկ, դրանից ընտրում են միայն մեկը. «Եթե ձեզ պետք է նկարել դրանցից մեկը, նկարեք այն և տարեք, ցույց տվեք կառաշք տվողին: Հիմա քվեարկության վերահսկողությունն անհնար է: Ասում են՝ էն 8 հատը դուրս կբերես, որ ուրիշ բան չքվեարկի, բայց մարդու մտքին տեղ լինի: Ասում են՝ տեսախցիկ է դրված, նկարում են, բայց տեսախցիկը նկարում է ոչ թե այն, թե ում քվեարկեցիք, այլ՝ պրոցեսը: Հայաստանում փակ-գաղտնի քվեարկություն է և առաջին անգամ մեր երկրում գաղտնի քվեարկությունը խախտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Ամեն մեկդ պետք է իմանա, որ քվեախցում ինքը միայնակ է՝ իր խղճի հետ»:

 

«Հո թաղի տղա չե՞նք ընտրում, ընտրում ենք երկրի քաղաքական բարձրագույն իշխանությունը. երկրի նախագահին, վարչապետին»,-ասաց ՀՎԿ նախագահը: