ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում հարևան Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանն, անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի տնտեսական փոխգործակցությանը, և, մասնավորապես, կառավարության ղեկավարի՝ վերը նշված հայտարարությանը, նշեց. «Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը մեկ միլիարդի հասցնելու ցանկությունը նոր չէ, դա այն շեմն է, որը դրել են երկու պետությունները՝ հայ-իրանական բազմաթիվ բանակցությունների ընթացքում: Մեկ միլիարդն, ըստ էության, այն նշաձողն է, որը երկու կողմերը դրել են իրենց առևտրաշրջանառությունը հասցնելու համար: Ոչինչ անիրականանալի չի լինի, եթե երկու կողմերը կարողանան լրացուցիչ ջանքեր գործադրել տնտեսական համագործակցության ուղղությամբ: Թիվն իրատեսական է, եթե խորացնեն կապերը»:


Վարդան Ոսկանյանը տեսակետ հայտնեց, որ նշված նշաձողին հասնելու համար հատկապես կարևոր դերակատարում կարող են ունենալ սպասվող զարգացումները, որոնք կծավալվեն և՛ Հայաստան-Իրան,  և՛ Իրան-ԵՏՄ հարաբերություններում. «Ամենակարևոր ձեռքբերումն  առաջիկայում լինելու է Մեղրիի տարածաշրջանում Ազատ տնտեսական գոտու հիմնումը, որը կարևոր դերակատարում է ունենալու և՛ Հայաստան-Իրան, և՛ Իրան-ԵՏՄ հարաբերություններում: Ակնհայտ է, որ ԵՏՄ անդամ երկրները, դատելով առկա տեղեկատվությունից, բանակցություններ են վարում Իրանի հետ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»: 


Իրանագետի խոսքով՝ Հայաստանը ԵՏՄ ծրագրերի շրջանակներում համաձայնեցված բանակցություններ է վարում Իրանի հետ տարբեր ուղղություններով, մյուս կողմից՝ ԵՏՄ անդամ երկրների և Իրանի միջև  բանակցությունները համաձայնեցված են Հայաստանի հետ, ուստի, որևէ վախ, որ ԵՏՄ-ն կարող է խանգարող հանգամանք դառնալ Իրան-ՀՀ հարաբերություններում, կարծես թե, չկա:

 

Աղավնի Սուքիասյան