«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում այսօր եղավ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում.

 

«Այսօր մենք ներկայացնում ենք մեր ծագիրը, իսկ որոշ մարդիկ փնովում են, թե պոպուլիզմով ենք զբաղված: Բայց ի՞նչ պոպուլիզմի մասին է խոսքը, երբ մենք մեր գործունեությամբ ենք ապացուցել այն, թե ինչ կարող ենք անել ու ինչ փոփոխություն կարող ենք բերել, քանի որ մենք գործի մարդ ենք»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ապարանցիների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Ծառուկյանը:

 

Իր խոսքում Գագիկ ծառուկյանը նշեց նաև, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հորդորում է մարդկանց խոստումներ չտալ, որովհետև դա ընտրակաշառք է. «Սիրելի ժողովուրդ, ես գործի մարդ եմ ու ինչ խոստացել եմ՝ իրականություն եմ դարձնելու: Ինչ ասել ենք՝ քիչ ենք ասել, ավելի շատ ենք անելու, մեր գործունեության հիմքում սրտացավությունն է»,- հավաստիացրեց նա:

 

 

Ինչպես մնացած այլ բնակավայրերում, այստեղ ևս բազմաթիվ էին բնակիչների խնդրանքները, նամակները, նրան մոտեցավ մի քաղաքացի՝ խնդրանքով, սակայն Դաշինքի առաջնորդը նրան ուղղորդեց դեպի ԿԸՀ.

 

«Լսի՝ ինչ եմ ասում, այսքանի ներկայությամբ, հիմա դու ստեղից գնում ես ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մոտ ու ասում ես պարոն Մուկուչյան, տղաս այս վիճակում է: Դիմեցի Ծառուկյանին, իսկ ինքն ասաց, որ Դուք թույլ չեք տալիս, որ Ծառուկյանն այդ երեխային օգնի ու համարում եք դա ընտրակաշառք:
Հենց հիմա էրեխուդ վերցրու ու գնա, ասա ես դիմեցի այս մարդուն, բայց Դուք թույլ չեք տալիս, որ օգնի, եթե Դուք թույլ տաք, ինքն անմիջապես հարցը կլուծի: Հենց ինքը թղթի վրա գրեց ու դու եկար, ես խնդիրը կլուծեմ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հանձնարարելով գործող պատգամավոր, նաեւ թեկնածու Լյովա Խաչատրյանին՝ զբաղվել հարցով եւ ԿԸՀ նախագահի համապատասխան գրավոր թույլտվության դեպքում՝ աջակցել կնոջը: