Հունգարիայի պետական ժողովը (խորհրդարան) ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պետության գործող նախագահ Յանոշ Ադերին նախագահ է վերընտրել երկրորդ ժամկետով: Դրանում հաղթանակ տանելու համար երկու թեկնածուներից մեկին պահանջվում էր պատգամավորների ձայների պարզ մեծամասնությունը: Լիագումար նիստի հեռարձակումն իրականացվում էր հունգարական M-1 հեռուստաալիքով:
Պետական բարձրագույն պաշտոնի համար ընտրություններին մասնակցել են երկու հավակնորդներ՝ «ՖԻԴԵՍ-Հունգարիայի քաղաքացիական միություն» կառավարող կուսակցությունից թեկնածու ներկայիս նախագահ Յանոշ Ադերը եւ ձախ ընդդիմությունից թեկնածու՝ նախկին օմբուդսման եւ իրավագետ Լասլո Մայտենյին:
Ինչպես նշել է խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը, քվեարկությանը մասնակցել են 199 պատգամավորներից 170-ը: Ադերն ստացել է 131 պատգամավորների աջակցությունը, Մայտենյին ստացել է 39 ձայն:
Հունգարական պետության ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, եթե թեկնածուներից մեկն առաջին փուլում հավաքում է ձայների երկու երրորդը: Հակառակ դեպքում երկրորդ փուլում ամեն ինչ վճռում է պարզ մեծամասնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: