ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ Նախագահի օդանավը վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ Նախագահի հանդիպումները ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: