Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:

 

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրականությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին մայրաքաղաք Աշգաբատից կմեկնի Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կդիտի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:

 

Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և զարգացման նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանի այցի օրերին Աշգաբատում կկայանա նաև հայ-թուրքմենական գործարար համաժողով: