Քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ արդեն վերադասավորումներ են իրականացնում սոցցանցերում։ Ակնհայտ է, որ նախընտրական այս թեժ շրջանում մեծացել է նաև սոց հարթակների դերը, ակտիվանում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև նրանց սատարող կազմակերպությունները, օգտատերերը։ Կարելի է տեսնել, թե ավանդական գործիքներ՝ պաշտոնական էջերի բացումներ և վերաբացումներ, ինչպես նաև ոչ ավանդական՝ հայտնի ֆեյքերի օգտագործում և այլ գործիքներ:

 

նախորդ ընտրական գործընթացները ցույց են տվել, որ քաղաքական քննարկումներին ընտրությունից առաջ մարդիկ նորմալ են վերաբերվում, բայց երբ ներքաղաքական քննարկումները դառնում են գզվռտոցներ, հանրությունը շատ բացասական է տրամադրվում։ Ինչ վերաբերում է դաշինքների կազմման վերաբերյալ օգտատերերի տեսակետին, ապա մարդիկ հասկանում են, որ շահերի պայքարը շատ հաճախ գերազանցում է գաղափարական պայքարին։ Միևնույն ժամանակ, եթե քաղաքական գործչի կամ ուժի ֆեյսբուքյան էջին մեծ թվով օգտատերեր են միացել, դա դեռ չի նշանակում, որ այդքան ընտրող կարող է ունենալ։


Մեծ հաշվով, սակայն, այցելությունների մասով կուսակցությունների պաշտոնական կայքերն այդքան էլ հետաքրքրություն չեն ներկայացնում: Կուսակցությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է սոցիալական ցանցերում ու տարատեսակ վիրտուալ ֆորումներում: Խնդիրն այն է, սակայն, որ սոցցանցերում ներգրավված կոնտինգենտը կազմում է հասարակության առավել քաղաքականացված ու քաղաքացիականացված, և, ըստ էության, իր կայուն համոզմունքներն ունեցող անհատները, և զուտ էֆեկտիվության տեսանկյունից՝ այս ճակատում քաղաքական ուժերի համար քարոզչության իրականացումը լուրջ ազդեցություն չէր կարող ունենալ, ինչով և բացատրվում է վիրտուալ մեդիաաշխարհում նրանց ոչ նախաձեռնողականությունն ու նկատելի պասիվությունը:

 

Գուցե դա է պատճառը, որ միկրոբլոգները, Facebook-ը ընտրարշավի ընթացքում այդպես էլ քարոզչության իրականացման լայնամասշտաբ հարթակի չվերածվեցին, կուսակցությունները ջանք չգործադրեցին ցանցերում ձևավորելու իրենց իմիջը: Ինտերնետը, և հատկապես ցանցերն՝ ավելի շատ օգտագործվում են քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչների կողմից' որպես կուսակցությունների գործողությունների, կայացրած քաղաքական որոշումների պատճառները, հիմնավորվածությունը հրապարակային-անհատական կոնտակտների միջոցով ներկայացնելու, բացատրելու, պաշտպանելու լավագույն հարթակ: Հետևաբար, այնքանով, որքանով կուսակցությունների առանձին վերցրած ներկայացուցիչները ճանաչելի ու ազդեցիկ են ցանցային հաղորդակցության միջավայրում, այնքան էլ ներկայանալի է տվյալ կուսակցությունը:


Այս իմաստով՝ վիրտուալ հաղորդակցության հնարավորությունները լավագույնս օգտագործել են ԵԼՔ-ը և ՀԱԿ-ը՝ իրենց ֆեյսբուքյան համայնքների, համախոհների բազմությամբ, որոնք, ունենալով որոշակի աշխարհայացքային ընդհանրություններ և քաղաքական հայացքների տարբերություններ, երբեմն իրենց դիպուկ մեկնաբանություններով, սուր քննարկումներով՝ կարողանում են հետաքրքիր ներկապնակ ստեղծել: Ի տարբերություն կուսակցությունների' ցանցային ռեսուրսներից առավելապես օգտվում են տարածքային (ռեյտինգային) ընտրակարգով առաջադրված թեկնածուները' ստեղծելով իրենց անձնական-քարոզչական էջերը և դրանք փորձելով ծառայեցնել իրենց իմիջի ձևավորմանը:


Բայց, որքան անհասկանալի է քաղաքական ուժերի նկատելի անտարբերությունը ցանցերի ռեսուրսների նկատմամբ, նույնքան էլ չափազանցված էր տարածքային թեկնածություների նման ակտիվությունը' հաշվի առնելով, որ այս միջավայրում նրանք կարող են աշխատել միայն իրենց պոտենցիալ ընտրազանգվածի շատ փոքր մասի հետ: Այս իմաստով՝ համացանցում և վիրտուալ տեղեկատվության ու հաղորդակցության միջավայրում տեղի է ունենում հայաստանյան տպագիր մամուլին բնորոշ որոշ բացասական երևույթների առավել բյուրեղացման, դրանց իրացման, դրսևորման միջոցների կատարելագործման պրոցես:


Կուսակցությունները հիմնականում օգտագործում են երկու հարթակ՝ Ֆեյսբուքը եւ Յութուբը։ Իսկ թվիթերը դեռեւս քիչ է օգտագործվում երկու պատճառով. նախ՝ օգտագործողները շատ չեն եւ երկրորդ՝ մեծամասնությունը լավ չգիտի՝ ինչպես արդյունավետ կերպով կիրառել այն:


Եթե խոսենք հիմնական կուսակցությունների մասին, որոնք շանսեր ունեն հայտնվելու ԱԺ-ում, ապա բոլորն աշխատում են ունենալ լավ ձեւավորված եւ շատ այցելուներ ունեցող էջեր։ Նորությունն այն է, որ մի շարք թեկնածուներ իրենց առանձին պաշտոնական էջերն են բացում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում հավաքների, հանդիպումների եւ այլնի մասին։ Սոցիալական ցանցում հայտնվում են նաեւ պատգամավորի նոր թեկնածուներ, իսկ ովքեր էլ կային, արագորեն ընկերներ են հավաքում: Պատգամավորի թեկնածուները Ֆեյսբուքում իրենց պաշտոնական էջերի վճարովի գովազդն են տեղադրում: Թեեւ ընդհանուր առմամբ կուսակցություններն իրենց նախընտրական քարոզարշավի համար լավ են օգտագործում սոցիալական մեդիան, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ կան։ 

 

ԵԼՔ դաշինքի բոլոր թեկնածուները, որպես հանրային դեմքեր՝ բացում են առանձին անհատական էջեր և գովազդում դրանք Ֆեսյբուքի միջոցով, ինչը բավականին վիճելի որոշում է, քանի որ էջերը նոր են բացվում և դժվար հասցնեն շատ ընթերցող հավաքել մինչև ընտրություններ: Մյուս կողմից, եթե անհատական գովազդով ներկայանալու խնդիր է դրված, ապա էջի կիրառումը դառնում է օգտակար, քանի որ Ֆեյսբուքը հաշիվների միջոցով թույլ չի տալիս աշխատել, միայն էջերի: Էջի հնարավորություններից օգտվում է, օրինակ, Վահե Էնֆիաջյանը, որն ավելի շահեկան վիճակում է, քանի որ ավելի երկար պատմություն և ավելի շատ ընթերցողներ ունեցող էջ է օգտագործում:


ԵԼՔ-ից՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես ունի մեծ լսարան և օգտագործում է էջը ոչ միայն քարոզչության, այլև պրակտիկ հայտարարությունների համար. թեկնածուների անհատական էջերով գովազդվում են նաև կուսակցական նյութերը: Ընդհանրապես, կարելի է նկատել, որ որոշ քաղաքական ուժեր չարաշահում են հեշթեգերի կիրառումը՝ օրինակ՝ «Ազատ դեմոկրատները»: Հանդիպում են նաև անհասկանալի դեպքեր, երբ որպես տարածող էջ՝ ներկայանում են քաղաքական ուժերի հետ անմիջական կապ չունեցող էջերը: Երևի այսկերպ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ժողովուրդն էլ է իրենց պես մտածում: Կամ էլ գովազդ տեղադրողը պարզապես չի էլ խորանում այդ հարցի մեջ: Ինչևէ, կարծես մեր քաղաքական դաշտում ձևավորվում է նաև «ինտերնետ ագիտացիայի» նոր մշակույթ, ինչն, անշուշտ, 21-րդ դարի նախընտրական գործիքակազմի ամենահզոր տարրերից մեկն է հանդիսանում...


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ