Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամամակ խոսեց Եվրոպական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված գործերի շուրջ զարգացումների մասին, ինչպես նաև ներկայացրեց, որ առաջին անգամ Արցախի հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը ներգրավվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ընթացքող աշխատանքներին, ինչը լուրջ հաջողություն է Հայաստանի համար:
«ԼՂՀ նախագահի խորհրդականը ներգրավվեց Հայաստանի պատվիրակության կազմում և մենք մասնակցեցինք Եվրոպայի խորհրդի նախարարների նիստին: Դա առաջին դեպքն է, երբ որևէ միջազգային կազմակերպության պաշտոնական միջոցառմանը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցիչը՝ նախագահի խորհրդականը: Ընդ որում՝ մենք ընտրեցինք հետևյալ կոնտեքստը. մինչ նիստի սկսվելը, երբ մենք ներկայացնում էինք պատվիրակության կազմը, ֆորմալ գրության մեջ ևս նշվեց ԼՂՀ ներկայացուցչի անունը: Նիստը սկսվեց և սկզբից քննարկվում էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», ապա «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությունը:
Ես, որպես պատվիրակության ղեկավար, իհարկե, ներկայացրեցի մեր դիրքորոշումը և ձայնը փոխանցեցի Արցախի ներկայացուցչին, ով ներկայացրեց ԼՂՀ դիրքրոոշումը և հատուկ ընդգծեց՝ սա քննարկվել է ԼՂՀ նախագահի ու իշխանության մյուս թևերի հետ: Բնականաբար, այդ պահին Ադրբեջանն ընդհատեց ելույթը, ես ներկայացրեցի իրավիճակը, նիստը շարունակվեց և ԼՂՀ ներկայացուցիչը մինչև վերջ ներկայացրեց ամեն ինչ: Մենք մտավախություն ունեինք, որ Ադրբեջանը ջանք կգործադրի ու Արցախի ներկայացուցչին դուրս կհանի դահլիճից, քանի որ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու իրավունք ունեն բացառապես Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները: Արցախը Եվրոպայի խորհրդի անդամ չէր: Բայց մենք կարողացանք հասնել նրան, որ Արցախի ներկայացուցչի ելույթը ավարտվեց ամբողջությամբ: Մինչև հաջորդ օրը ժամը 9-ը անդամ երկրները պետք է ներկայացնեին իրենց կարծիքը այդ գործերի վերաբերյալ»,- մանրամասնեց Գևորգ Կոստանյանը:
«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ դիմումի՝ բնակչության մեծամասնությունը եղել են քրդեր և ադրբեջանցիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992թ․-ի մայիսի 17-ին, որից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ այն վերահսկվում է հայկական ուժերի կողմից։ Դիմումատուները մասնավորապես բողոքում են Լաչինում իրենց սեփականության կորստից։
Կոստանյանի խոսքով՝ այս գործով նախարարների կոմիտեի քարտուղարության նախագծում ընդամենը ֆիքսված էր, որ կոչ են անում ՀՀ կառավարությանը՝ շարունակել քննարկումները քարտուղարության հետ, հարցի լուծման կապակցությամբ՝ առանց որևէ ժամկետ նշելու:
«Ադրբեջանի կողմից առաջարկություն էր ներկայացվել նախարարների կոմիտեին՝ պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը՝ գործողությունների ծրագիր ներկայացնել Չիրագովի գործով: Ադրբեջանի այդ առաջարկությունը դրվեց քվեարկության, ինչը նախարարների կոմիտեի քվեարկությամբ մերժվեց: Առաջարկին կողմն էին միայն Ադրբեջանն ու Թուրքիան, մնացածը դեմ էին: Ամենակարևորն այն է, որ երբ քվեարկության դրվեց մեզ ձեռնտու որոշման նախագիծը, որը մենք էինք առաջարկում, 35 պետություն կողմ քվեարկեց, Թուրքիան ձեռնպահ մնաց, իսկ Ադրբեջանը՝ դեմ և որոշումը հօգուտ մեզ ընդունվեց: Նախարարների կոմիտեում քննարկումների արդյունքում Հայաստանի վրա պարտավորություն դրվեց ընդամենը շարունակել քննարկումները կոմիտեի հետ, թե ինչպես կարելի է լուծել Ադրբեջանի փախստականների հարցը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման: Իսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հստակ պարտավորություն դրվեց Ադրբեջանի վրա և մինչև հունիս ամիս ժամկետ տրվեց՝ ներկայացնելու գործողությունների ծրագիր: Ադրբեջանը պետք է ներկայացնի գործողությունների ծրագիր, թե ինչպես է պատրաստվում վերականգնել մեր փախստականների խախտված իրավունքները»,- ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Գևորգ Կոստանյանը:
Մ. Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման և սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, իր սեփականությունը տնօրինելու և օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային և կրոնական պատկանելության պատճառով խտրականությունների, ինչպես նաև հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության դեմ: Ադրբեջանն այդ հայցի լսումների ընթացքում հանդես է գալիս որպես պատասխանող, Հայաստանը՝ 3-րդ կողմ: ՄԻԵԴ կայացրած որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 1-ին (սեփականության պաշտպանությունը), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) և 13-րդ (արդյունավետ հատուցման իրավունք) հոդվածները:
Կոստանյանը շեշտեց՝ Եվրոպական դատարանն այս երկու գործերով որոշելու է, թե կոնկրետ ինչքան գումար է փոխհատուցվելու փախստականներ Չիրագովին ու իր ընտանիքին և Սարգսյաններին: «Այս երկու գործերը այլ կերպ բնութագրել, քան Հայաստանի հաղթանակ և Ադրբեջանի պարտություն՝ հնարավոր չէ: Այս ամբողջ պրոցեսում չկա որևէ մի կետ, որը կարող ենք համարել Հայաստանի պարտություն: Ամենամեծ ջանքերի դեպքում էլ հնարավոր չէ դա: Այս որոշումը լրացուցիչ բողոքարկման ենթակա չէ»,- շեշտեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ այս որոշումը կարող է նախադեպային լինել մյուս փախստականների համար ևս, ովքեր, ըստ Եվրադատարանի, գտնվում են նույն վիճակում, ինչ Սարգսյանն ու իր ընտանիքի անդամները:
Քրիստինա Աղալարյան