ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված բողոքը:Այս մասին փետրվարի 7-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:
«Ութ տարվա դիվանագիտական «պատերազմի» ու «դատավարական» չափազանց լարված լսումների և բանակցությունների արդյունքում, այսօր հաղթական ավարտին հասցրեցինք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպու, 1991թ.) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի համար մի կարևորագույն հարց։
Առանց մանրամասներ ներկայացնելու ասեմ, որ 2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել Հայաստանի դեմ, որը բոլոր կետերով հերքվել էր Արտաքին գործերի և Բնապահպանության նախարարությունների պատվիրակության կողմից՝ ութ տարիների ընթացքում կայացած մի քանի տասնյակ լսումների ընթացքում։ Այսօր պաշտոնապես ընդունվեց որոշումը, որով մեր ներկայացրած փաստերի հիման վրա հաստատվեց, որ Հայաստանը լիովին կատարում է կոնվենցիայի դրույթները և Ադրբեջանի բողոքն անհիմն էր»,- գրել է Կաժոյանը: