ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը մարտի 16-ին իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ և փոխըմբռնմամբ՝ ավելացնելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ ունեցած հանդիպումը վերահաստատել է, որ մեր երկու երկրները որպես դաշնակիցներ վստահորեն սատարում են միմյանց՝ համատեղ ուժերով առաջ մղելով եվրասիական ինտեգրումը։

ՌԴ Նախագահը նաև ընդգծել է, որ տնտեսության, առևտրի, ներդրումների և ռազմաքաղաքական ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի միջև հաջողությամբ զարգանում է փոխգործակցությունը, ակտիվանում են շփումները զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության բնագվառներում։

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը որպես միջնորդ պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում։