«Արթուր Սարգսյանի մարմինն անպայման հանգրվանելու է Եռաբլուր զինվորական պանթեոնում: Որևէ կասկած այս հարցում չկա, քանի որ նա նաև ազատամարտիկ է: Արթուրի վերջին ցանկությունն էր՝ մահվանից հետո լինել իր ընկերների կողքին, որը մենք պարտադիր կերպով ի կատար ենք ածելու»,ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ վստահեցնելով, որ ցանկացած մարդ կարող է ունենալ ցանկություն Եռաբլուրում թաղվելու, բայց ոչ բոլորն ունեն դրա իրավունքն, իսկ այդ իրավունքն Արթուրն ունի:

 

Մեր հարցին՝ եթե իշխանությունների կողմից, այնուամենայնիվ, չլինի համապատասխան թույլտվություն, ի՞նչ քայլերի կդիմեն Արթուր Սարգսյանի հարազատներն ու ընկերները նրա վերջին ցանկությունն իրականացնելու համար, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Վիգեն Սարգսյանը նախագահականից հրահանգներ փոխանցող օղակ է: Նա արգելք է հանդիսանում, նույնիսկ համարձակվում է ասել, որ Արթուրն ազատամարտիկ չի եղել, որը ես համարում եմ անբարոյականության գագաթնակետ: Իշխանությունների կողմից անհիմն պատճառներով մերժվում է մեր բոլորիս ցանկությունը: Բայց, քանի որ Արթուրի մարմինը չի կարող այդպես երկար մնալ, նրան պետք է հանձնել հողին, ուստի մարտի 22-ին մենք նրանք կհուղարկավորենք Շահումյանի գերեզմանատանը, եթե մինչ այդ նոր զարգացումներ տեղի չունենան: Հուղարկավորությունից հետո կդիմենք ամեն քայլի՝ մեր վերջնական նպատակին հասնելու համար»:


Մեր ճշտող հարցին՝ որո՞նք են այդ քայլերը՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Մշտապես պայքարելու ենք մեր ընկերոջ մարմինը Եռաբլուրում ամփոփելու համար: Պայքարելու ենք և՛ իրավական, փաստաթղթային հարցերը բարձրաձայնելով, դրանց լուծումներ տալով, և՛ ժողովրդի ճնշմամբ: Մյուս կողիմից. այս իշխանությունները հավերժ չեն, երբ նրանք հեռանան, մենք անպայման Արթուրի մարմինը կտեղափոխենք պանթեոն»,-վստահեցրեց ԱՍԱԼԱ-ի մարտիկը՝ շեշտելով, որ թույլ չեն տալու  պանթեոնը դարձնել ոմանց սեփականություն:   

 

Աղավնի Սուքիասյան