«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր ամփոփոփելով «ԱԺ մոնիտորինգ» խորհրդարանի հինգամյա գործունեության ամփոփիչ զեկույցը նշեց, որ այս տարվա մոնիտորինգը շատ հետաքրքիր էր այն առումով, որ այս նստաշրջանն արդեն ավարտվում է, և սա քաղաքական ուժերին տալիս է չտեսնված հնարավորություն՝ հասկանալու համար իրենց արածն ու չարածը:
Ըստ զեկուցողի՝ ամփոփման ընթացքում ակնհայտ է դառնում, որ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավորները բավականին թերի են կատարել իրենց աշխատանքը և ցավալի է, որ ապագա խորհրդարանում 90 %-ով նույն մարդիկ են պատրաստվում հայտնվել: «Մենք ԱԺ-ում չենք տեսնում որոշ քաղաքական ուժերի մասնկացությունն, ընդհանրապես»:
Քննարկմանը մասնակցող «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց, որ այս գումարման խորհրդարանին հետևում են հինգ տարի անընդմեջ: «1078 օրենք է ընդունել խորհրդարանը 5 տարիների 10 նստաշրջանների ընթացքում: Ամենախոսուն թվով օրենքներ գրել է Կառավարությունը. գրված 10 օրենքից 9-ը պատկանում է Կառավարությանը: Սա ահազանգ է պարզապես»:
Ըստ Լուսինե Վասիլյանի՝ հաջորդ ահազանգն այն է, որ խորհրդարանի ընդունած ամեն երկու օրենքից մեկն ընդունվել է արտահերթ նստաշրջանում, որը ենթադրում է առավել ակտիվ քննարկում՝ առանց օրենքը խորությամբ ուսումնասիրելու:
«Հինգ տարվա ընթացքում ընդդիմությունը կարողացել է ընդունել 10 նախագիծ, որը մերժվել է, իսկ 58 նախագիծ ընդհանրապես չի քննարկվել: 5 տարվա մեջ 40 անգամ փոփոխվել է վարչական իրավախախտումների մասին օրենքը»:
Ըստ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի վիճակագրության՝ ներդրումների մասին օրենքը վերջին անգամ 10 տարի առաջ է փոփոխվել՝ ի հեճուկս այն բանի, որ այսօրվա ամենաթմբկահարվող թեման ներդրումներն են:
Ծրագրի ղեկավարի փոխանցմամբ՝ վերը նշված բոլոր ցուցանիշները փաստում են, որ վատ է աշխատել հինգերորդ գումարման ԱԺ-ը՝ համեմատած չորրորդ գումարման խորհրդարանի, որի ընթացքում ավելի շատ օրենքներն են ընդունվել:
«Այս թվերը փաստում են, որ այս գումարման խորհրդարանն ավելի վատն է եղել, քան նախորդը, իսկ եթե հաշվի առնենք, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատգամավորների թեկնածուների մեծ մասը նույն մարդիկ են, ապա կարծում եմ՝ ավելորդ է որևէ բան ավելացնել»:
Աղավնի Սուքիասյան