Այսօր՝ մարտի 22-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպված քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տեղի բնակիչների հետ:
Եղեգնաձորի ամֆիթատրոնը բազմամարդ էր,-տեղից փոխանցում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը,- այստեղ Ծառուկյանին մեծ խնդությամբ և ծափահարություններով ընդունեցին, նրան դիմավորեցին զուռնա-դհոլով, մինչ հարթակին բարձրանալը՝ ողջունեցին Եղեգնաձորի մարզադպրոցի սաները, կատարումներով հանդես եկան Ջիվանու անվան աշուղական դպրոցի Եղեգնաձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավար Սամվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ դաշինքի կողմից առաջ քաշած տասնհինգ առաջնահերթ կետերին, ընդգծեց, որ ով էլ լինի իշխանության գլուխ, միայն այդ կետերի իրականացման դեպքում Հայաստանում դրական փոփոխություններ տեղի կունենան:
«Ով ուզում է լինել իշխանության գլուխ, կարող եմ գրել, ստորագրել, առաջ գնալու համար այդ կետերը պետք է իրականացվեն»,- ասաց Ծառուկյանը:
Ելույթի ընթացքում անդրադառնալով վարկային բարձր տոկոսադրույթներին՝ Գագիկ Ծառուկյանը դիմեց հավաքվածներին. քանի՞ տոկոսով եք այսօր վարկեր վերցնում, ստացավ պատասխան՝ 18 - 30 տոկոսով:
-Բա 30 տոկոսով վարկ տվողի ձեռքերը չջարդե՞ս:
Գագիկ Ծառուկյանը ելույթի ընթացքում անկեղծանալով, նշեց, որ իրեն մյուս ուժերի նախընտրական ծրագրերը ևս դուր են գալիս, տպավորություն է ստացել, որ ապրիլի 2-ից հետո Շվեյցարիայում ենք ապրելու, սակայն նկատեց, որ այդ ծրագրերն անիրականանալի են և դրանք գրողներն ու ներկայացնողներն իրենց ողջ կյանքի ընթացքում ոչ մի հաջողություն չեն գրանցել, անգամ «սեփական կատու չունեն»: Այնպես որ, խորհուրդ տվեց ընտրել՝ ուշադրություն դարձնելով մարդու արած գործին, ոչ թե լսել միայն համոզիչ անգիր արված տեքստերը:
հանդիպումից հետո, լրագրողները մի քան հարց ուղղեցին Գագիկ Ծառուկյանին. Հաղթանակի դեպքում դուք կլինե՞ք վարչապետ՝ հարցին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե նորմալ մարդ տեսանք՝ կանի, չէ, ես կանեմ համապատասխան կարճ ժամանակով, երկու ամիս-երեք ամիս: Իմ նպատակը պաշտոնը չի»:
Մեկ այլ հարցի՝ ո՞վ է մեղավոր երկրում ստեղծված այս իրավիճակի համար, Գագիկ Ծառուկյանը նախ լրագրողներին մեղադրեց, ապա ասաց. «Մեղավորը ընտրող ժողովուրդն ա: Տված ա իրանց իրավունքը, թող գնան, ձայն տան ու պահանջեն»:
Լրագրողները նկատեցին նաեւ, որ երեկ, Սյունիքի մարզում ինքը քննադատություններ հնչեցրեց տեղական իշխանությունների հասցեին:
Գագիկ Ծառուկյանը մանրամասնեց, որ այնպիսի հանգամանքներ են կազմակերպել, որով կխոչընդոտվեր մարդաշատ քարոզարշավ կազմակերպելու հնարավորությունը. «Մեքենա են բերել, կռան են բերել, իբր ֆանտանները աշխատեցնելու համար, մանկապարտեզներում, դպրոցներում ժողովներ են կազմակերպել՝ ժողովուրդն այդ օրը պիտի գնար: Կապանում էլ, Գորիսում էլ, ընդեղ՝ 1-ին, ընդեղ՝ 2-ին, եթե ծնողը չեկավ երեխային մանկապարտեզից, դպրոցից կհանեն: Այդպիսի փոքր բաներ անելով, ինքնստինքյան ավելի հիասթափություն է մտցնում ժողովրդի մեջ: Էսօր պիտի իրենք կամեցող լինեն, բարի լինեն, ժողովրդի կողքին լինեն, մարդավարի վերաբերվեն՝ քաղցր, որ մարդը զգա, որ իրանց մասին մտածում են՝ իրենց կողքին կանգնեն, ոչ թե Ծառուկյանի կողքին կանգնեն: Ծառուկյանը Սյունիքի մարզ գնում ա հինգ տարին մեկ անգամ, ամեն օր իրենք շփվում են իրենց արած գործով, որպեսզի նրանք կարողանան ժողովրդի սերն ու հարգանքը, վստահությունը գրավեն»: