2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի կողմից Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Ավան վարչական շրջանը, որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվել է Գևորգ Պետրոսյանը: Այսօր՝ մարտի 25-ին Ավանում տեղի ունեցավ վերջինիս բակային հանդիպումը բնակիչների հետ:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այգին, որտեղ ելույթ ունեցավ նա, բազմամարդ էր, իսկ հավաքվածները մեծ ոգևորությամբ ու ծափահարություններով ընդունեցին նրան:

 

Գևորգ Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ Դաշինքի կողմից առաջ քաշած 15 առաջնահերթ կետերին, ընդգծեց՝ միայն այդ կետերի իրականացման դեպքում Հայաստանում դրական փոփոխություններ տեղի կունենան:

 

Ելույթի ընթացքում անդրադարձավ մի շարք խնդիրների: Խոսելով գործազրկության խնդրի մասին նշեց, որ այսօր մարդիկ պետք է քեռի, հորեղբայր, ծանոթ-հարևան ունենան, որպեսզի նրանց միջնորդությամբ աշխատանքի ընդունվեն. «Այսօր Հայասատանում բացակայում է որակյալ կրթությունը, և դրանից հետո՝ երաշխավորված աշխատանքը:

 

 

Յուրաքանչյուր հինգերորդ ընտանիք որևէ բանկի հետ գտնվում է վարկային իրավահարաբերությունների մեջ: Ինչո՞ւ, որովհետև ստանում են աղքատիկ աշխատավարձ, աղքատիկ թոշակ և մարդիկ հնարավորություն չունեն անգամ ամենաանհրաժեշտ իրերը գնել աշխատավարձով: Ստիպված վարկ են վերցնում՝ ընկնելով բեռի տակ, իսկ բանկերն անողոքաբար բարձր տոկոսադրույքներ են սահմանում՝ մարդկանց զրկելով ամեն ինչից, և մարդկանց դարձնում են արտագաղթող: Ծայրահեղ աղքատության մեջ են գտնվում զոհված ազատամարտիկների ընտանիքները, մանկավարժները, ազնիվ ոստիկանները, փրկարարները, որոնք խղճուկ աշխատավարձով չեն կարողանում ընտանիք պահել»:

 

 

Նա անդրադարձավ առողջապահական խնդիրներին՝ նշելով, որ մարդ վախենում է գնալ բժշկի. «Հիվանդություն ունեցող մարդիկ տանը նստած սպասում են մահանալուն, վախենում են գնալ բժշկի, որովհետև պետությունը ոչնչով չի աջակցում: Մարդու մահը դարձել է անձրև գալու նման սովորական երևույթ, արդեն սառնաստորեն են մոտենում այդ հարցին: Օրենքում ասվում է՝ բարձրագույն արժեքը մարդն է, այսպե՞ս են վերաբերում բարձրագույն արժեքին: Ամեն օր ինքնասպանություն է տեղի ունենում և միմիայն սոցիալական հողի վրա ու անարդարությունից»: 

 

Գևորգ Պետրոսյանը հարց բարձրացրեց. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ծառայում և սահմանին զոհվում են ընչազուրկ ընտանիքների միակ զավակները: Վիճականությամբ են սարքել՝ իբրև թե այդպես օբյեկտիվ է: Այժմ որդիներիցս մեկը սահմանին ծառայության մեջ է, կարող եմ ասել՝ որտեղ, ճշտեք»,- վերջին խոսքին հաջորդեց ներկաներից շատերի արձագանքը՝ «ճիշտ է»:

 

«Ասեկոսեներ են տարածում, թե մենք կոալիցիա ենք կազմելու: Ես հայտարարում եմ, որ ներկա պահին «Ծառուկյան» դաշինքը որևէ կոալիցիայի մտադրություն և գաղտնի ծրագիր չունի: Սակայն, քաղաքականության մեջ, ինչպես ասում են՝ երբեք մի ասեք՝ երբեք. երբեմն ընտրական օրենսդրությունն է նպաստում, երբեմն էլ պարտավորեցնում, որ կոալիցիա լինի, քանի որ սահմանադրության մեջ գրված է, որ  խորհրդարանում պետք է լինի քաղաքական մեծամասնություն: Մենք չենք պատրաստվում կոալիցիա կազմել նրանց հետ, ում առջընթացը հակացուցված է հասարակական առաջընթացին: Եթե մենք կոալիցիա կազմենք, ապա միայն այն ուժի հետ, որի համար ժողովրդի խնդիրները հոգեհարազատ են»,- անդրադառնալով շատերին հուզող այս հարցին՝ ասաց պատգամավորության թեկնածուն:

 

 

Գևորգ Պետրոսյանը հավելեց՝ մարդիկ սիրահարվում, ամուսնանում են պաշտոնի հետ և անգամ դատարանի վճռով հնարավոր չի լինում նրանց ամուսնալուծել: Այս դիտարկմանն ի պատասխան հավաքվածները ծափողջույններ հնչեցրին:

 

Նա հորդորեց չգայթակղվել ընտրակաշառքներով. «Անձամբ ես ձեզ ոչ մի գումար չունեմ տալու, մեր դաշինքը դրանով չի ներկայանում ձեզ»:  

 

Գևորգ Պետրոսյանը խոսքը եզրափակելով՝ պատրաստակամություն հայտնեց լսել յուրաքանչյուր բնակչի: Հարթակից իջնելով՝ սիրով պատասխանեց ավանցիներին հուզող հարցերին, լսեց նրանց խնդիրների մասին՝ խոստանալով հետևողական լինել դրանց լուծմանը:

 

 

 

 

 

Սոնա Հարությունյան