Առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանն անդրադարձել է կառավարության 2013թ. առողջապահության ոլորտի գերակա խնդիրներին եւ դրանց լուծման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներին։

«Այս ծրագրերի մի զգալի մասն ուղղված է մարզային առողջապահական հիմնարկների արդիականացմանն ու օպտիմալացմանը։ Շատ խնդիրներ էլ պետք է լուծվեն ողջ հանրապետության մասշտաբով։ 2013-ին ձեզ հետ միասին լուրջ անելիքներ ունենք ինչպես բժշկական սպասարկման որակի եւ մատչելիության ապահովման, այնպես էլ ոլորտը ստվերող երեւույթների դեմ պայքարի ուղղությամբ»,-ասել է նախարար Դումանյանը։

Այնուհետեւ ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է հանրապետությունում սուր շնչառական վարակների եւ գրիպի համաճարակային իրավիճակը։ նախարարը հորդորել է խուճապի չմատնվել, բայց եւ չհանգստանալ, մարզերում եւս ամենօրյա աշխատանք տանել' առավել ուշադիր գտնվելով խոցելի խմբերի նկատմամբ։

Անդրադառնալով դեղապահովման գործընթացին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով 44 չափաբաժնով (լոտով) հայտարարված մրցույթի արդյունքներով տնտեսվել է մոտ 284 մլն դրամ, որը եւս կուղղվի երկրորդ կիսամյակի կարիքներին' տարեկան կտրվածքով ավելի մեծ ապահովվածության հասնելու համար։ Նախարարը համապատասխան ստորաբաժիններին խստորեն հանձնարարել է բնակչությանն անվճար տրամադրվող դեղերի 2013թ. երկրորդ կիսամյակի կարիքների համար մրցույթը հայտարարել եւ կազմակերպել մարտին, որպեսզի բաշխման ընդհատումներ չլինեն։ Մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորեց տեղերում հետեւել ինչպես կենտրոնացված գնումներով ձեռք բերված դեղերը շահառուներին ժամանակին հասցնելու, այնպես էլ մարզային ենթակայության բուժհաստատություններում դեղերի գնման գործընթացների ճիշտ կազմակերպմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ընթացքը, մարզերում կարդրային ապահովվածության վիճակը եւ այլ հարցեր։