ԼՈւՐԵՐ.com-ը գրել էր, որ օրեր առաջ Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամների և անհայտ քաղաքացիների միջև միջադեպ էր տեղի ունեցել: Ըստ Դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի՝ օրեր շարունակ Էջմիածնում իրենց «դաշինքի անդամներին անհայտ անձինք առանց պետհամարանիշի մեքենայով հետապնդել են, ատրճանակը պահել շտաբի անդամներից մեկի՝ Պատվական Պոդոսյանի գլխին, սպառնացել, որ հեռու մնա դաշինքից, հակառակ դեպքում՝ լավ չի լինի»: Դաշինքի անդամները տեղի ունեցած միջադեպի մասին այլ տեղեկությունների չէին տիրապետում, բացի նրանից, որ գործով զբաղվում է ոստիկանությունը: 

 

Եվ ահա, ոստիկանության լրատվական վարչությունը հաղորդագրություն է տարածում միջադեպի վերաբերյալ և որոշակի մանրամասներ հայտնում: Ըստ ոստիկանության  տրամադրած տեղեկությունների՝ նույն դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանը մարտի 24-ին, ժամը 22.35-ին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, թե Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում զինված անհայտ անձինք սպառնացել են իր վարորդին՝ պահանջելով հեռու մնալ ընտրություններից:


Այնուհետև՝ մարտի 25-ին, Պատվական Պոդոսյանն է հաղորդում և բացատրություն տվել ոստիկանությունում առ այն, որ Նարեկ Հարությունյանը իր հորաքրոջ աղջկա ամուսինն է, և ինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում աջակցում է նրան, նաև տեղափոխում քաղաքացիների հետ հանդիպման:

 

Ըստ Պոդոսյանի՝ մարտի 24-ին, ժամը 21:50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 6ա հասցեի դիմաց՝ սև գույնի «ՎԱԶ-21015» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան փակել է իր վարած «Օպել» մակնիշի, 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, մեքենայից իջած՝ մուգ ակնոցով, չսափրված անհայտ անձը, նստելով իր ավտոմեքենայի հետևի նստատեղին, ատրճանակը կողքից հանելով՝ դրել է իր գլխին և սպառնալով պահանջել, որ ինքը ընտրություններից հեռու մնա, ինչից հետո իջնելով մեքենայից՝ նստել է նշված «ՎԱԶ-21015»-ը ու հեռացել:

 

Պատվական Պոդոսյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնացույց է արել դեպքի վայրը և այն երթուղին, որով հեռացել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում, սակայն, Էջմիածին քաղաքում առկա տեսանկարահանող սարքերի զննության արդյունքում Պատվական Պոդոսյանի կողմից նկարագրված երթուղում «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենա չի հայտնաբերվել:


Նշված հակասության շուրջ լրացուցիչ բացատրություն է վերցվել Պատվական Պոդոսյանից, որը հայտնել է, որ իր հաղորդմամբ և բացատրությամբ նկարագրված հանգամանքները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը. այդ ամենն ինքը ծրագրել է՝ քարոզարշավից դուրս գալու և չմասնակցելու նպատակով:


Մեզ հետ զրույցում Դաշինքի մամուլի խոսնակը, մեկնաբանելով ոստիկանության հաղորդագրությունը, նշեց, որ Պատվական Պոդոսյանի հետ ինքն անձամբ էր խոսել ու լրատվամիջոցներին փոխանցել վերջինիս պատմածը: «Թե դրանից հետո ոստիկանությունում ցուցմունքների ինչ փոփոխություն է տեղի ունեցել, չգիտեմ: Բայց այն վախի մթնոլորտը, որը տիրում է, բոլորին է հայտնի: Կարծում եմ՝ սա հենց դրա արդյունքն է: Ընտրարշավին չմասնակցելու համար այդպիսի տարբերակ ընտրելը տարօրինակ է»,- շեշտեց նա: Հարցին՝ ոստիկանությունում հակասական ցուցմունքներ տալուց հետո ինքը խոսե՞լ է Դաշինքի անդամի հետ, Արեգնազ Մանուկյանը բացասական պատասխան տվեց: 

 

Քրիստինա Աղալարյան