ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով՝ Սուսաննա Գզողյանը նշանակել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Լենդրուշ Հովհաննիսյանը՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Վաչե Մարգարյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գեղամ Մարգարյանը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Օրեր առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորներին ներկայացրել է դատարանի նախագահներին և դատավորներին:
ԼՈւՐԵՐ.com-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում նորանշանակ դատավորների մասին կենսագրական որոշ տվյալներ:
Եվ այսպես՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը քաղաքացիական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով՝ ստացել է 81 միավոր: Նա Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թոշակի գնացած դատավորի՝ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է:
Ծնվել է 1985 թվականին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
Ավարտել է ՀՀ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան' իրավագիտություն մասնագիտությամբ: Աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախ՝ դատավորի գործավար, ապա՝ դատավորի օգնական: Այնուհետև աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Մինչ դատավոր նշանակվելը աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը ծնվել է 1977 թվականին՝ Աբովյան քաղաքում: Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ապա՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ: Աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես ավագ մասնագետ: Մինչ դատավոր նշանակվելը աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար: ՀՀ նախագահի հրամանագրով ընդգրկված է եղել դատավորների թեկնածուների ցուցակում: Քրեական մասնագիտացման որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով՝ հավաքել էր 49,5 միավոր:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Գեղամ Մարգարյանն ավարտել է ՀՀ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ապա սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրայում: Ծնվել է 1986 թվականին՝ Եղվարդ քաղաքում:
Աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչ: Եղել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի գրասենյակի գործավար, ապա՝ դատավորի օգնական: Մինչ նշանակվելն աշխատում էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Վերջինս քրեական մասնագիտացման որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով հավաքել է 51,5 միավոր:
Իսկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուսաննա Գզողյանը ծնվել է 1983 թվականին՝ Երևանում: Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ մագիստրատուրան:
Ավարտել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
Աշխատել է «Դոլֆին» ՍՊԸ-ում՝ որպես իրավագետ: Մինչ դատավոր նշանակվելը աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, նախ՝ դատավորի օգնական, ապա՝ ավագ օգնական: Վերջինս Քրեական մասնագիտացման որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով հավաքել է 48,5 միավոր: Ամուսնացած չէ: