Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վարույթ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատրաստած նյութերի վերաբերյալ: Այս մասին մասին ԼՈւՐԵՐ.com-ին փոխանցեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Նշյալ հարցով դիմում ստացվել է: Այսօր ժամը 18:00-ին հարցը քննարկվելու է նաև ԿԸՀ-ի նիստում»,- ասաց Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը մարտի 24-ին հրապարակել էր հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակն ու նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ: Կազմակերպության աշխատակիցները ներկայացել էին որպես «Հանրապետական» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչներ ու դպրոցի տնօրեններից հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում աշակերտների ծնողների ցուցակագրումները, նրանք էլ ներկայացրել էին իրենց աշխատանքի մանրամասները:
Նշենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մամուլում հրապարակված՝ «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) նյութի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ, իսկ մնացած 113-ը՝ ոչ:
Սոնա Հարությունյան