ՀՀ արդարադատության նախարարը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Կարգապահական վարույթը հարուցվել է ապրիլի 15-ին՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի հաղորդման հիման վրա։ ԱՆ-ն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Դոլմազյանին պատասխանատվության ենթարկելու մասին, որի քննությունը նախատեսված է հուլիսի 16-ին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հարուցված կարգապահական վարույթը կապված է շուրջ մեկ տարի առաջ ՀՀ ՊՆ նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի գործի հետ, երբ վերջինս հնարավորություն է ունեցել ԱԺ տեղափոխվելու ընթացքում տեսնելու մորը։
Հիշեցնենք, որ 2023թ․ օգոստոսի 1-ին ԱԺ քննիչ հանձնաժողովին մասնակցելու համար «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ԱԺ տեղափոխվելու ընթացքում Դավիթ Տոնոյանին հնարավորություն էր տրվել այցելել տուն՝ տեսակցելու մորը։ Այդ դեպքից հետո ՔԿԾ-ում պաշտոնանկություններ են արվել՝ «ծառայողական քննությունների» արդյունքում։ Պաշտոնից ազատված անձանցից է եղել նաև ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանը։ Այս դեպքը բազմիցս քննարկման առարկա է դարձվել նաև իշխանությունների կողմից։ Տարեսկզբին՝ ՔԿԾ հաշվետվության ընթացքում Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոսել այս դեպքի մասին, ինչին ի պատասխան ՀՀ ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը շտապել է սլաքներն ուղղել նաև դատավորի նկատմամբ՝ նշելով, որ դատավորի կողմից հավելյալ երկու ժամ էր տրվել և այդ առնչությամբ ուսումնասիրություններ են իրականացվում՝ պարզելու պրակտիկան։ Թեմային փետրվար ամսին անդրադարձել էր նաև Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դատավորի կողմից եղել է մորը տեսնելու թույլտվություն, այսինքն՝ դատարանն իրեն իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել է հանդիպել մորը։ Դեպքից շուրջ մեկ տարի անց ՔԿԾ արդեն գործող պետը հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱՆ, որն էլ՝ վարույթի հիմք է դարձել։ ՀՀ Արդարադատության նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը՝նշելով, որ Արդարադատության նախարարի կողմից Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վայե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարուցված վարույթի առիթ է հանդիսացել քրեակատարողական ծառայության պետի կողմից 20.03.2024 թվականին թիվ ՀԿԴ/0003/01/22 (Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով) քրեական գործի շրջանակներում ներկայացված հաղորդումը:
«Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդության համաձայն՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության խախտումներ, այն է՝ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշման շրջանակներում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու և մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում լուծել է այդ հարցերը, մասնավորապես՝ ԱԺ շենքից մինչև ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղաշարժվելու համար դատարանը սահմանել է օբյեկտիվորեն անհարկի երկար' 2 ժամ ժամանակ, ինչպես նաև սահմանել է, որ մեկնումը պետք է իրականացվի առանց ձեռնաշղթայի կիրառման»,- մեր հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը՝ նշելով, որ նշված խախտումները հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Վահե Դոլմազյանից՝ հետաքրքրվելով վարույթի և դրա վերաբերյալ իր դիրքորոշումից, սակայն դատավորը զերծ է մնացել հարցերին պատասխանել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ։