Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։

Հանձնաժողովին տեղակացվել է, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարարի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուսումնասիրել է՝ պարզելու՝ արդյոք Առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում առկա է շահերի բախում։

Վարույթ հարուցելու որոշման մեջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեջբերել է «Հանրային ծառայության մասին» օրենքից երկու կետ.

«Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել՝ որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»։

«Պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում' կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը»։

Արսեն Թորոսյանը Առողջապահության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին։ Նրա նշանակումից հետո «Միբս» ընկերության հետ նախարարությունը կնքել է 5 պայմանագիր՝ ընդհանուր 124 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման երկու պայմանագրեր «Միբս» ընկերության հետ էլ կնքվել է մինչև Թորոսյանի նախարար նշանակվելը։

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Միբս» ընկերության առաջին տնօրենը եղել է հենց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ու կինը պարբերաբար միմյանց են հանձնել տնօրենի պաշտոնը։ Ընկերության առաջին տնօրենը եղել է Արսեն Թորոսյանը (2011/04/14-2016/01/20), ապա նրան փոխարինել է Վարդանուշ Թևանյանը (2016/01/20-2017/01/10), այնուհետև կրկին Թորոսյանն է դարձել ընկերութան տնօրեն (2017/01/10-2018/05/29)։ Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս)։

«Միայն նրա համար, որ ես եմ այս պահին տնօրեն, իսկ պարոն Թորոսյանը նախարար, ճիշտ չէ ասել, որ այդտեղ կա շահերի բախում, որովհետև կազմակերպությունն արդեն իններորդ տարին աշխատում է և տարվա մեջ մոտ 15 000 պացիենտ է ընդունում»,- datahetq.am-ի հետ զրույցում նշել է Վարդանուշ Թևանյանը։

«Միբս» ՍՊԸ-ն, բացի Առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաև Երևանի քաղաքապետարանի հետ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ։ Մասնավորապես, բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ։

Առողջապահության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը «Միբս» ընկերության հետ կնքել են ընդհանուր առմամբ 176 միլիոն դրամի պայմանագիր։ Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից և ոչ մեկի համար Առողջապահության նախարարությունը մրցույթ չի հայտարարել։ Կնքված պայմանագրերից հինգը եղել են մեկ անձից գնումներ ընթացակարգով, մեկը՝ գնում չհանդիսացող ծախսեր ընթացակարգով, իսկ մյուսի ընթացակարգը նշված է «ԵՄ», որը գնումների կայքի մեթոդաբանության մեջ չի բացատրվում։

Երևանի քաղաքապետարանի հետ բոլոր պայմանագրերը կնքվել են գնանշման հարցում ընթացակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը գնանշման հարցում է արել տարբեր ընկերությունների և ընտրել «Միբս» ՍՊԸ-ն։

Նշենք, որ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով այս թեմային, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին, ցանկանում եմ տեղեկացնել, որ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր ԶԼՄ-ներում:

Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է:

Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը:

Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար:

Նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի»,- գրել է Նիկողոսյանը: