Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ի առավոտից մեկնարկած խորհրդարանական ընտրությունները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Հեղինակավոր պարբերականներն ու լրատվական գործակալությունները փաստում են, որ այս ընտրություններն անկյունաքարային նշանակություն են ունենալու Հայաստանի համար:

 

Russia Today-ը հայտնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի ավելի քան 2.5 մլն քաղաքացի, ինչպես նաև արտերկրում բնակվող 900 քաղաքացի, այդ թվում և դիվանագիտական ու զինվորական ծառայողները: «Քվեարկությունը մաս է կազմում Հայաստանի' դեպի խորհրդարանական համակարգի անցմանը: 2015 թվականի դեկտեմբերին իրականացված Սահմանադրական հանրաքվեի փոփոխություններով' Հայաստանի ներկայիս առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը կդառնա վերջին նախագահը, որն ընտրվել է ժողովրդական քվեարկության արդյունքում: Հաջորդ տարի նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկրի արարողակարգային ղեկավարին կնշանակի խորհրդարանը, նա կունենա միայն ներկայացուցչական իշխանություն: Խորհրդարանը կընտրվի հինգ տարի ժամկետով և կդառնա հանրապետության հիմնական իշխանությունը»,- գրում է լրատվամիջոցը: Այն նաև նշում է, որ աշխարհահռչակ System of a Down խմբի երաժիշտ Սերժ Թանկյանն անկախ միջազգային դիտորդների շարքում է:

 

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը ևս ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում անցկացվում են առաջին խորհրդարանական ընտրությունները: «Քվեարկությունից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի ուժն առաջատարն է, իսկ նրան շատ մոտ հաջորդում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի' գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը»,- նշում է լրատվամիջոցը:

 

Երկու կուսակցությունների մրցման մասին գրում է նաև Al-Jazeera-ն. «Կիրակի օրը տեղի ունեցող ընտրություններին ակնկալվում է, որ սերտ մրցավազք կլինի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած, մեծամասնություն ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության և գործարար, բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի միջև: Այս ընտրությունները առանցքային ժողովրդավարական թեստ են փոքր, 2.9 միլիոնանոց բնակչություն ունեցող, ցամաքով շրջապատված ժողովրդի համար, որի պատմության մեջ չի եղել քվեարկության միջոցով իշխանության փոխանցում ընդդիմությանը »:

 

Լիբանանյան Daily Star-ն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններն «անկյունաքարային» են լինելու:

 

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են նաև գերմանական Deutsche Welle-ն, ամերիկյան Business Standard-ը և այլ լրատվամիջոցներ: