ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները կարծիք են հայտնել այն մասին, որ ընտրությունները կազմակերպված են եղել շատ պարզ և համապատասխան երկրի օրենսդրությանը, իրենց առաքելության իրականացման ընթացքում նրանք ոչ մի բողոք չեն ստացել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին նրանք: 

 

«Իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի սահմաններում էր»,- ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը և շարունակեց. «Բոլոր երկրներում կա այդ երևույթը։ Չէ՞ որ քաղաքական գործիչները չեն կարող դադարեցնել աշխատանքն ու չհայտնվել հեռուստացույցների էկրաններին»։

 

Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան։

 

ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի անդամ Իգոր Չերնիշենկոն համամիտ է առաքելության ղեկավարի կարծիքի հետ. «Ընտրությունները հետաքրքիր էին։ Որոշ թերություններ կային, սակայն դրանք չեն ազդել քվեարկության արդյունքի վրա»։

 

Իր խոսքում Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ Լիդիա Երմոշինան նշել է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չեն առաջացնում. «Թեև ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ եղան և ընտրատեղամասերում տեխնիկական անսարքություններ եղել, բայց այնուամենայնիվ ես չեմ կասկածում խորհրդարանական ընտրությունների ազնվության մեջ։ Նոր օրենսդրությունը ծառայում է քաղաքական ուժին, որը հաղթում է ընտրություններում»,- նշեց նա՝ շեշտելով, որ ընտրատեղամասերում հաշմանդամների քվերակության համար պայմաններ չեն ստեղծվել: