ՀՀ Նախագահի և վարչապետի հետ կապված բոլոր իրադարձություններն այսօր հանրության կողմից դիտարկվում են որպես ակնարկ, թե ինչ է լինելու 2018-ի ապրիլից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։
Խոսելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ստրասբուրգ կատարած այցի մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ հանրապետության ղեկավարի, որպես քաղաքական համակարգի առաջնորդի, Ֆրանսիա կատարած այցը հաջողված էր:
«Նախագահի այցը շատ կարևոր էր: Կարևոր էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Շվեյցարիա, ով ևս իր գործը լավ արեց՝ արդեն Դավոսում։ Երկու այցերն էլ բավական հաջողված էին։ Առաջիկայում մենք դեռ կտեսնենք, թե դա որքանով կարող է տրանսֆորմացիա արվել քաղաքական որոշումների տեսքով»,- ընդգծեց վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ վերջնական որոշում դեռ չկա, թե ով է լինելու ՀՀ վարչապետն ապրիլ ամսից հետո։