Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը նախորդ ամիս Ավստրիայում մասնակցեց միջազգային մրցաշարի: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ արդյունքներն այնքան էլ լավը չէին, մրցակցությունը մեծ էր.
«Շատ ուժեղ լեռնադահուկորդների հետ էր մրցում Հարությունը: Նա վեց մեկնարկ ունեցավ եւ կարողացավ մի փոքր բարելավել իր վարկանիշային միավորները: Ընդհանուր առմամբ դժգոհ չեմ:
Առաջիկայում հավաքներ կանցկացնենք: Մենք դեռ ժամանակ ունենք եւ աշխատում ենք 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ուղղությամբ: Սեպտեմբերի վերջից կմասնակցենք միջազգային մրցաշարերի: Խոսքը միայն Հարություն Հարությունյանի մասին չէ: Արսեն Ներսիսյանը, հնարավոր է՝ վերադառնա սպորտ: Գրեթե երեք տարի նա չի մասնակցել մրցաշարերի: Բայց, վերջերս լավ մարզվում էր ինձ մոտ»,- ասաց Սեյրան Հարությունյանը: