Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ապրիլի 4-ի առավոտյան ամբողջ ծավալով վերսկսել է աշխատանքը նախօրյակին այնտեղ իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, ինչի մասին հայտնել է նահանգապետի վարչակազմը: «Սանկտ Պետերբուրգի մետրոն առավոտից վերսկսել է աշխատանքն ամբողջ ծավալով՝ բոլոր ուղեգծերով ու կայարաններով»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

Այդուհանդերձ, Պետերբուրգի նահանգապետի վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ քաղաքային էլեկտրատրանսպորտի ուժեղացված ու փոփոխված երթուղիները գործելու են ամբողջ օրվա ընթացքում: Ապրիլի 3-ին վագոնում պայթյուն է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել եւ վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

 

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող էր գործողության մեջ դնել 23-ամյա մի միջինասիացի, որը կապված է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում է պատահարի նաեւ այլ վարկածներ: