Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտն ամենակարևորն է ցանկացած պետության համար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի հրապարակված տվյալների համաձայն՝ երեխաների 2.5 տոկոսը 2015 թվականին ապրել է ծայրահեղ աղքատության, իսկ 33.7 տոկոսը՝ աղքատության մեջ: Ծայրահեղ աղքատ և աղքատ է Հայաստանի Հանրապետության բնակչության համապատասխանաբար՝ 2.0 և 29.8 տոկոսը, ըստ պաշտոնական թվերի:
Նշված տվյալները վկայում են, որ երեխաներն ավելի խոցելի են և´ընդհանուր, և´ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ամբողջ բնակչությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ բազմանդամ ընտանիքների երեխաներն ավելի աղքատ են, քան այլ ընտանիքների երեխաները:
Պաշտոնական տվյալների համաձայն, երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 46.7 տոկոսը (բոլոր երեխաների մեջ 33.7 տոկոսի համեմատ), իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.9 տոկոսը (բոլոր երեխաների 2.5 տոկոսի համեմատ), այնինչ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն՝ պետական քաղաքականության հիմնական նպատակներից է նաև ծնելիության և բազմազավակության խթանումը։
Տվյալ պարագայում անհրաժեշտ է նշել, որ ծնելիության և բազմազավակության խթանման հետ զուգահեռ՝ անհրաժեշտ է ապահովել երեխաների զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
ՀՀ-ում երեխաների աղքատության մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ է տարիքով ավելի փոքր երեխաների աղքատության ցուցանիշը: Այսպես. աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր:
Մեկ այլ մտահոգիչ խնդիր է մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաների հարցը: Չնայած Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքներին՝ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը 2015 թվականի համեմատ աճել է: 2016 թվականի ընթացքում հայտնաբերվել են 57 թափառաշրջիկ և մուրացիկ անչափահասներ, իսկ Ոստիկանությունում հաշվառման մեջ է գտնվում 19 թափառաշրջիկ և մուրացիկ երեխա: Ոլորտի կարևոր բացթողումներից է այն փաստը, որ խնդրով հիմնականում զբաղվում է Ոստիկանությունը և շատ հազվադեպ են սոցիալական ծառայությունների հետ համագործակցության դեպքերը:
Թափառաշրջիկ և մուրացկանությամբ զբաղվող հայտնաբերված երեխաները հաճախ նորից վերադառնում են փողոց, քանի որ պետությունը չի ցուցաբերում նրանց կարիքների հոգալուն ուղղված համալիր մոտեցում, այդ թվում՝ երկարաժամկետ սոցիալական աջակցության միջոցով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ գրանցվել է երեխայի նկատմամբ բռնության 182 դեպք, որից 56-ը եղել է ծեծ, 73-ը սեռական ոտնձգություն, 26-ը՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը: ՀՀ-ում քիչ թվով ծառայություններ կան, որոնք արձագանքում են ընտանեկան և այլ տեսակի բռնությունների ենթարկված երեխաների խնդիրներին: