Գագիկ Ծառուկյանը Գյումրի կատարած իր բազմաթիվ այցերի ընթացքում մշտապես հայտարարել է, որ երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցին ուշադրության պակաս չպետք է զգա: Գործիչը, ով մշտապես իր տեսադաշտում է պահում Գյումրին ու գյումրեցուն մտահոգող յուրաքանչյուր խնդիր, հանրապետության 2-րդ քաղաքի համար հերթական խոշորածավալ ծրագիրն է իրականացնում:
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը «Շիրակ կենտրոն»-ի հետ համագործակցությամբ բազմաթիվ ընտանիքների, որտեղ նոր երեխա պետք է շուտով ծնվի, հատկացնում է նոր, նորոգված, բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ։ Հենց ապրիլի 7-ին՝ մայրության օրը, Ծառուկյան ընտանիքի կողմից խոստումը կդառնա իրականություն։ Այս ծրագրի շրջանակներում առաջնահերթության կարգով նոր բնակարան կստանան տնակներում բնակվող այն ընտանիքները, որտեղ նոր երեխա պետք է ծնվի:
Սա, անշուշտ՝ իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում: Դեմոգրաֆիական խնդիրը Գյումրիի և ողջ Հայաստանի համար ցավալի իրականություն է և նաև լուրջ մարտահրավեր: Ծառուկյանի նման նախաձեռնությունը թիրախավորել է ռազմավարական նշանակություն ունեցող խնդրի լուծումը:
Որևե մեկի համար գաղտնիք չէ, թե որքան սուր է անօթևանների խնդիրը Գյումրիում: Թեև կառավարությունը խոստանում էր, որ արդեն 2013 թվականին Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիք չի լինի, սակայն այսօր նմանօրինակ մոտ 900 ընտանիք կա հանրապետության երկրորդ քաղաքում: Այս ընտանիքները մինչ օրս միայն խոստումներ են լսում, դրանցից 432 ընտանիքի հարցը կառավարությունն այս փուլում քննարկում-քննարկում է, բայց հստակ լուծում չի առաջարկում: Ծառուկյանը, փաստացի, կատարում Է պետության գործառույթը:
Միևնույն ժամանակ՝ նա ծրագրի պատասխանատուների առջև պայման էր դրել՝ նախաձեռնության մասին պետք է հայտարարվեր միայն ընտրություններից հետո, որպեսզի այս մարդասիրական քայլը չդիտարկվեր իբրև նախընտրական խոստում, ձայներ հավաքելու միջոց: Այն, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է և զբաղվում է բարեգործությամբ՝ անկախ քաղաքականության մեջ լինելու հանգամանքից, բոլորն են տեղյակ, և դա որևէ ապացույցի կարիք չունի:
Ծառուկյանը, բնականաբար, շատ լավ պատկերացնում է, թե ինչ վիճակում է ներկայիս Գյումրին և հասկանալի է, որ փորձում է օգնել քաղաքին այն ամենահրատապ գործնական հարցերում, որտեղ այդ օգնությունը ավելի քան տեղին է։ Եվ այն ժամանակ , երբ նախընտրական փուլում իրենց ժողովրդի ծառան հռչակած քաղաքական ուժերն այսօր արդեն զբաղված են քաղաքական առևտրով, կարծես մոռանալով և՛ տված խոստումների, և ժողովրդի մասին, միակ գործիչը ով իր ուշադրության կենտրոնում է պահում հանրության խնդիրները և գործնական քայլեր կատարում դրանց լուծման ուղղությամբ՝ Գագիկ Ծառուկյանն է:
Իր նմանատիպ քայլով՝ Ծառուկյանը ևս մեկ անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունն ու անհերքելի դարձած իրողությունը, որ իր գործերն ավելին են, քան խոսքերը, ինչի արդյունքում վայելում է անսահման սեր ու վստահություն ժողովրդի կողմից: Համաժողովրդական սերն ու վստահությունը վաստակում են ոչ թե մարդկանց կեղծ խոստումներ տալով ու հետո էլ հիասթափեցնելով, այլ՝ շոշափելի, ռեալ վերաբերմունքով, որին, ավա՜ղ, կարոտ են ոչ միայն գյումրեցիներն, այլև ողջ հասարակությունը՝ յուր ամբողջության մեջ: