Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Շնորհավորական ուղերձում ասվում է.

 

«Սիրելի՛ կանայք,

 

Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

 

Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք: Մաղթում եմ բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ:

 

Մենք՝ որպես պետություն և հասարակություն, մտնում ենք փոփոխությունների և զարգացման կարևորագույն փուլ, և այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը:

 

Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև ձեզնով, իսկ այսօր՝ նորացող մեր հայրենիքը ուժեղ և առաջադեմ է առավելապես ձեզնով: Ամուր և ավանդական ընտանիքը առհավատչյան է մեր ժողովրդի հարատևության, և այդ հավերժության պատվարը դարձյալ դուք եք:

 

Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան:

 

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան սեր ու ջերմություն, աշխատանքային հաջողություններ, հասարակական եռանդուն, արդյունավետ գործունեություն և հատկապես՝ կանացի հմայք ու գեղեցկություն»: