Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Նախագահի ուղերձում ասված է.
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Մայրությունը պաշտամունքի առարկա է եղել անհիշելի ժամանակներից: Մոր նկատմամբ սիրո և երախտագիտության դրսևորումները համաշխարհային, ինչպես նաև հայկական արվեստի ու մշակույթի անբաժանելի և կարևոր մասն են:
Առողջ, կիրթ և հայրենասեր սերնդի դաստիարակությունն առաջին հերթին և արդարացիորեն գնահատվում է որպես հայ մայրերի արժանիք և սխրանք: Այդ սխրանքի վկան էինք մենք 100 տարի առաջ, երբ հայ մայրերը աքսորի ճանապարհին, անապատի ավազների վրա գրելով, մաշտոցյան այբուբեն էին ուսուցանում իրենց զավակներին՝ հավատալով իրենց և մեր փրկությանն ու վերապրումին: Այսօր մենք մեծարում ենք մեր մայրերին. նրանք են մեր ժողովրդի հավերժության առաջին երաշխավորը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին են արժանացել ցեղասպանության ենթարկված հայ կանայք' ի դեմս այսօր էլ իրենց ընտանիքներին մայրության ջերմությունը պարգևող և տոկունության օրինակ ծառայող մեր քսան վերապրած հայրենակցուհիների:
Կրկին շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ բոլոր մայրերին մաղթում եմ ընտանեկան երջանկություն և մայրական հպարտություն»: