Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ եռանդ:
«Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով հպարտությամբ կարող ենք ներկայանալ ու ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին:
Դուք դիրիժորական ու երգչախմբային արվեստի ինքնատիպ մարմնավորումն եք, Հայաստանի պետական կամերային երգչախմբի կենդանի արտացոլանքը, մարդ, որի ստեղծագործական շարունակական որոնումներն ու անսպառ էներգիան մեր մշակութային հարատևության երաշխիքն են:
Ձեր կատարողական անհատականության անջնջելի կնիքով աշխարհով մեկ բարձր հնչում է հայկական երգչախմբային արվեստի անունը»,-ասված Է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: