ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ձեռքբերումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք հայ թատրոնի նշանավոր դեմքերից եք, արվեստագետ, որի հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը մեր ազգային մշակույթին նվիրվածության վառ տարեգրություն է: 

Ձեր տաղանդի և վարպետության շնորհիվ թատրոնում և կինոյում ստեղծել եք բազում կերպարներ, որոնք իրենց մեջ ներառում են արվեստագետ-մտավորականի աշխարհընկալումն ու գեղագիտական հմայքը, լի են կյանքի ու մարդկանց հանդեպ անսահման սիրով:

Այսօր էլ շարունակելով թատերարվեստին ծառայելու շնորհակալ ուղին՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքներն եք փոխանցում երիտասարդ արվեստագետներին, հայ թատրոնի և կինոյի ապագա դերասաններին»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: