Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին' ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Հարգարժան Զորի Հայկի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի' ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Դուք կարող եք արժանիորեն հպարտանալ Ձեր ապրած տարիներով, որովհետեւ ըստ ամենայնի օգտակար եք եղել հարազատ ժողովրդին, տարել նրա ցավն ու հոգսը եւ այսօր էլ անում եք ամեն ինչ դրանք հնարավորինս թեթեւացնելու համար:
Որպես Արցախյան հողից սերված անվանի գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ, բժիշկ, մեծ հայրենասեր՝ Դուք միշտ կանգնած եք եղել հանուն մեր ազգային դարավոր նպատակների ու նվիրական իղձերի իրականացման պայքարի առաջին շարքերում, դարձել Արցախյան ազգային-ազատագրական շարժման դրոշակակիրներից մեկը:
Ձեր ապրած կյանքն ու անձնվեր գործունեությունը' ուղղված հայրենի երկրի զորացմանն ու բարգավաճմանը, հայոց պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդմանը, հայրենասիրության լավագույն օրինակ են հետագա սերունդների համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք, հաջողություններ ու ամենայն բարիք»: