ՀՀ ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 10-ին, քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 16 պատգամավոր, մինչդեռ քվորումն ապահովվելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն, այսինքն այսօր խորհրդարան չէին ներկայացել և իրենց աշխատանքային գործառույթը չէին կատարել 114 պատգամավոր:
Նիստին չէին ներկայացել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նիստը վարում էր մյուս փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով պատգամավորների գրանցումից առաջ ողջունեց նիստին ներկա՝ իր որակմամբ՝ պարտաճանաչ պատգամավորներին:
Քվորում ապահովելու համար Ազգային ժողով ներկայացած պատգամավորներն իրենց մյուս գործընկերներին կսպասեն մինչև ժամը 15.00-ը, չներկայանալու դեպքում նիստը կհետաձգվի:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի օրերին նույնպես քվորում չէր ապահովվել: Պատճառն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն էին. պատգամավորները լծված էին նոր խորհրդարանում իրենց տեղն ապահովելու գործին: