Ոստիկանության Աշտարակի բաժնում հիվանդանոցից ապրիլի 10-ին, ժամը 23.40-ին, հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Հարություն Մովսիսյանի դիակը' հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 11-ին, ժամը 6.50-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշտարակի Երևանյան փողոցում, տաքսու մեջ, հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արա Ն.-ն:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերված է:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: