Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքում տվյալներ էին ստացվել, որ հունիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատ գյուղի վարչական տարածքում կառուցվող եկեղեցում շինարարական աշխատանք կատարող հինգ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներ են արձակել: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի բաժնի և Վեդիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ համագյուղացիների ուղղությամբ կրակոցները արձակել է 40-ամյա տղամարդը: Բացատրական աշխատանքի արդյունքում Արարատ գյուղի մի բնակիչ Արարատի բաժանմունք է ներկայացրել ապօրինի զենքը, որից կրակոցներ էին արձակվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին, ժամը 10.00-ին, մարմնական վնասվածքներով Արարատ գյուղից ոստիկանության Արարատի բաժանմունք բերման է ենթարկվել 40-ամյա կասկածյալը և հայտնել, որ վնասվածքները ստացել է վերոհիշյալ համագյուղացիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
40-ամյա տղամարդը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին և ձերբակալվել:
Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել ձերբակալվածի տանը: Հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտներ և դատարկ պահունակներ. տանտիրուհին հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն:
Նախաքննությունը շարունակվում է: