«Գյուղացին, տեսնելով գործարանների հետ կապված իրավիճակը և գործարարների ունեցած պարտքերը՝ մի փոքր աչքաթող է արել խաղողագործությունը: Մի քանի տգետի սխալ մարքեթինգային աշխատանքի հետևանքով մենք այսօր խաղողի այգիների պակաս ունենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչյա Բերբերյանը՝ խոսելով գարնանացանի, ցրտահարության սպասվելիք վտանգների և սպասվող բերքի մասին:

 

Նրա խոսքով՝ Հայաստանում ձմռան ցրտահարությունն ազդել է հատկապես խաղողի այգիների վրա: 

Նա նշեց, որ եղել է նաև ծիրանի մատղաշ շիվերի ցրտահարություն, որոնք պետք է այս տարի բերք տային, սակայն այս պահին ծիրանի հետ կապված խնդիր չկա. «Եթե բնությունը բարեհոգի գտնվի, ապա կունենանք ծիրանի կայուն բերք, իսկ խաղողի հետ կապված՝ կունենանք միջակից ցածր բերք»:

 

Ըստ Հրաչյա Բերբերյանի՝ Գյուղատնտեսության նախարարությունը ներկրել է 850 տոննա գարի, որը, սակայն, քիչ շահույթ բերող մշակաբույս է. «Հայաստանն այն սակավահող երկիրն է, որտեղ պետք է մշակվեն թանկարժեք մշակաբույսեր՝ լոլիկ, պղպեղ, կարտոֆիլ, սմբուկ, և մենք այդ հնարավորությունը ունենք: Գարին և այլ հացահատիկային բույսեր պետք է ցանել հողը հարստացնելու նպատակով, բայց գյուղատնտեսության հիմնական ուղղությունը պետք է լինեն այն մշակաբույսերը, որոնք եկամուտ կբերեն, ներքին պահանջարկը կբավարարեն ու արտահանման ենթակա կլինեն»:

 

 Սոնա Հարությունյան