«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցացիա» ՀԿ-ն ահազանգում է, որ 2017թ.-ի փետրվարի 21-ից դադարեցվել է «Արտահիվանդանոցային ծառայություն բուժումը Զիպրեքսիա դեղով» ծրագիրը: Նույն ՀԿ-ի 300 շահառուներին բաշխվում է անորակ, հնդկական արտադրության, Կանադայում գրանցված և 2015 թվականից արգելված դեղ: Դեղը հիվանդներին բաժանվում է հումանիտար խողովակով և շահառուներն ահազանգում են, որ դեղի օգտագործումից հիվանդների վիճակն ավելի է վատանում:
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցացիա» ՀԿ-ի ղեկավար Կարինե Թուխիկյանը նշեց, որ 4 տարի շարունակ՝ իր ղեկավարած ՀԿ-ն պայքարում է, որպեսզի պետությունն իրենց շահառուներին անվճար Զիպրեքսիա դեղորայք մատակարարի: «Կառավարության շենքի մոտ շատ անգամ հավաքվել ենք, նամակով դիմել ենք ՀՀ վարչապետին, նախագահին և առողջապահության նախարարությանը: Խնդրել ենք՝ չդադարեցնել լավ որակ ունեցող Զիպրեքսիայի անվճար մատակարարումը, քանի որ այդ դեղը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իսկապես օգնում է: Մեր բոլոր խնդրանքները, սակայն, մնացին անպատասխան, և այս տարի, մարտի 21-ից՝ մեր շահառուներին սկսեցին մատակարարել անորակ հնդկական դեղեր, որոնք ավելի են վատթարացնում այն օգտագործողների վիճակը»:
Ըստ Կարինե Թուխիկյանի՝ սուիցիդի՝ ինքնասպանության դեպքերը շատանում են հենց տեղական արտադրության անորակ դեղերի մատակարարման պատճառով: Վերջինս որպես իր խոսքերի ապացույց՝ ներկայացրեց Սպիտակում գրանցված ահասարսուռ դեպքը, երբ մայրն ինքնասպան էր եղել՝ սպանելով նաև իր երեխաներին. «Սեփական երեխաներին սպանած և այնուհետև իրեն սպանած կինը նույնպես հայկական արտադրության մի շարք անորակ հոգեմետ դեղեր էր ընդունել: Ինչպես Քննչական կոմիտեի կողմից տրված եզրակացության մեջ է նշված՝ կինը ընդունել է ֆետիզմա, Լորազեպան դեղերը: Սրանք այն դեղերն են, որոնք որևէ դրական ազդեցություն չեն թողնում հոգեկան առողջության խնդիր ունեցողների վրա»:
Ըստ Կարինե Թուխիկյանի՝ ինքն այս խնդրի մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարությանը: Նախարար Լևոն Ալթունյանն, ի պատասխան իրենց կողմից բարձրացված խնդիրների, նշել է, որ իրենք իրականացնում են խնայողություն, պետությունը խնայում է Զիպրեքսիա դեղի համար նախատեսված գումարը՝ ձեռք բերելով և հիվանդներին անվճար տրամադրելով ավելի էժան դեղ:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ կառավարությանն արդյոք դիմե՞լ են անվճար Զիպրեքսիա մատակարարելու ծրագիրը շարունակելու համար, ՀԿ-ի ղեկավարը պատասխանեց. «Առայժմ անպատասխան է մնում մեր խնդրանքը: Բյուջեում հոգեկան առողջության խնդիր ունեցեղներին այս Զիպրեքսիան ձեռք բերելու համար կա նախատեսված գումար: Չենք հասկանում՝ ինչու են կասեցնում այս ծրագիրը և ուր են ուղղելու այդ գումարը, չէ՞ որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ առանց Զիպրեքսիայի օգտագործման՝ կհայտնվեն հոգեբուժարաններում, բացի այս՝ նրանցից շատերը վիճակի սրման ժամանակ դիմում են ինքնասպանության»:
Աղավնի Սուքիասյան