Նաիրիտցիների համակարգող խումբը թվով երրորդ բաց նամակն է ուղղել ռուսաստանաբնակ գործարար, «Նաիրիտ»-ի խոշոր պարտատերերից մեկին՝ «Տաշիր» խմբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանին:
- Նշենք, որ փետրվարի 14-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայցի հիման վրա Նաիրիտ գործարանը սնանկ հայտարարելուց հետո պարտատերերի առաջին ժողովը: Դատարանում գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտարարեց, որ «Նաիրիտ»-ի առողջացման ծրագիր չի ներկայացվել, և այն շուտով կլուծարվի: Փետրվարի 17-ի որոշմամբ՝ ընկերության նկատմամբ սկսվեց լուծարման վարույթ։
Այնինչ, Սամվել Կարապետյանը, պատասխանելով նաիրիտցիների նամակին, պնդել էր, որ չի խոչընդոտի գործարանի առողջացմանը, ավելին՝ կփորձի ինչ-որ կերպ աջակցել դրան: Ի դեպ՝ հենց ՀԷՑ-ի հայցի հիման վրա դատարանը սնանկ ճանաչեց գործարանը: ՀԷՑ-ի նկատմամբ «Նաիրիտ»-ի պարտքի չափը կազմում է 1,2 մլրդ դրամ: Ինչևէ: Նաիրիտցիները հույսով, որ Կարապետյանը որևէ կերպ կաջակցի իրենց ու կդադարեցնի գործարանի լուծարման գործընթացը, մարտին թվով երրորդ բաց նամակով դիմեցին վերջինիս:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում գործարանի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը տեղեկացրեց, որ դեռ պատասխան չեն ստացել և, անկեղծ ասած, հույս էլ չունեն որևէ պատասխան ստանալու, իսկ ժամանակն արագ անցնում է:
Համակարգող խմբի անդամները զարմանքով փաստում են, թե ինչու Ս. Կարապետյանը, լինելով հաջողակ գործարար և լավ ծանոթ լինելով, թե «Նաիրիտ»-ը ինչ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում, նման դիրքորոշում է ցուցաբերում և «իրեն անտեղյակի տեղ դնում»:
«Իր միակ հիմնավորումն այն է, որ ինքը չի սկսել «Նաիրիտի» սնանկության գործընթացը: Հասկացանք, դա բոլորն էլ գիտեն, բայց նաև բոլորը գիտեն, որ իր ժամանակ և իր սեփականությունը համարվող ցանցի տնօրինության պահանջով է դատի օրը փոխվել և սնանկության գործը սկսվել: Ինչքան էլ փորձի ասել, որ ինքը կապ չունի այսօրվա «Նաիրիտ»-ի սնանկության գործընթացի հետ, միևնույնն է՝ ոչ ոք չի հավատա: Միակ ձևը այդ կասկածների փարատման՝ մեր գրություն մեջ նշված խորհրդով հարցի կարգավորումն է: Դրա համար շատ քիչ ժամանակ է մնացել»,- մեզ հետ զրույցում նշում են նրանք:
- Ըստ համակարգող խմբի փոխանցած տվյալների՝ սնանկության կառավարիչը (այսօր գույքի օտարումը ժամանակավոր դադարեցված է) ամեն ինչ անում է՝ գույքի վաճառքը արագացնելու համար:
Ի դեպ՝ «Տաշիր» խմբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանը Bloomberg գործակալության կողմից ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, որում 500 անուն է ընդգրկված։ Կարապետյանը զբաղեցնում է 394-րդ հորիզոնականը, նրա կարողությունը կազմում է 4.36 միլիարդ դոլար։ Ավելորդ չենք համարում նշել, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սամվել Կարապետյանին առաջարկվել է գնել «Պանարմենիան մեդիա գրուպը, որում ընդգրկված լրատվամիջոցները ֆինանսական խնդիրներ ունեն և տնտեսապես շահավետ չեն:
Քրիստինա Աղալարյան