Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան՝ երեկ տեղի ունեցած հանդիպումը թույլ է տալիս շոշափել Հանրապետական կուսակցության ներսում առկա այն տրամադրությունները, որոնք կարող են վճռական նշանակություն ստանալ արտահերթ ընտրությունների անցկացման հարցում: Բանն այն է, որ ՀՀԿ-ն, ըստ երևույթին, շարունակում է պնդել, որ մինչև 2022 թվականը խորհրդարանը արձակելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որևէ պատճառ կամ իրավական հիմք գոյություն չունի: Որպես ապացույց՝ հանրապետականները վկայակոչում են ԱԺ-կառավարություն բավական հարթ փոխհարաբերությունները և այն, որ իրենք այս պահին փոքրամասնություն են, հետևաբար, Փաշինյանն իր համար պոտենցիալ ռիսկերը պետք է փնտրի իր դաշնակիցների ճամբարում: Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետի հետ պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Բաղդասարյանն ընդգծեց, որ եթե որևէ ուժ կողմ չլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա դրանք չպետք է կազմակերպվեն, որովհետև կազմվելիք խորհրդարանը պետք է արտահայտի բոլոր ուժերի ցանկությունը:
Փաշինյանը ինքն էլ չի հերքում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ երկու ճանապարհ գոյություն ունի՝ սահմանադրական փոփոխությունները և իր հրաժարականը: Առաջինը ժամանակատար գործընթաց է, բացի այդ՝ պրոցեսն անխուսափելիորեն բախվելու է նույն պատնեշին՝ այն պարզ պատճառով, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը ևս անցնելու է խորհրդարանով և այստեղ փոքրամասնություն հանդիսացող ՀՀԿ-ն և ինչու ոչ՝ Փաշինյանի ռիսկային դաշնակիցները կարող են պարզապես տապալել այդ փաթեթի ընդունումը: Մյուս տարբերակը ռիսկային է, քանի որ վարչապետի հրաժարականի դեպքում նույն այդ ուժերը կարող են պարզապես հրաժարվել աջակցել Փաշինյանին և վարչապետի իրենց թեկնածուն առաջադրել, ով և կընտրվի ԱԺ կողմից՝ մեծամասնության աջակցությամբ: Որպեսզի դա տեղի չունենա՝ Փաշինյանի կողմնակիցները ստիպված կլինեն երկու շաբաթ շարունակ շրջափակված պահել ԱԺ շենքը՝ թույլ չտալով երկու շաբաթ անընդմեջ անցկացնել նիստեր: Եթե խորհրդարանը չի կարողանում նիստ գումարել, բնականաբար, նրան չէր հաջողվի ընտրել վարչապետ, և այն օրենքի ուժով կհամարվեր լուծարված: Սակայն այս տարբերակն էլ կարծես թե բացառվելու է ՀՀԿ թեթև ձեոքով. բանն այն է, որ հանրապետականներն առաջարկում են ԱԺ կանոնակարգի այնպիսի փոփոխություն, որի համաձայն՝ շրջափակումը կդիտարկվի խորհրդարանի աշխատանքի ընդհատում, քանի որ նիստերը տեղի չեն ունանելու պատգամավորների կամքից անկախ՝ իսկ սա նշանակում է, որ Փաշինյանի ապահովագրությունը դժվար թե աշխատի՝ մնում է պայմանավորվել:
Իսկ այս հարցում Փաշինյանը, անշուշտ, շտապելու է. արդեն իսկ պարզ է, որ վարչապետը ցանկանում է արտահերթ ընտրություններն անցկացնել հին ընտրական օրենսգրքով՝ վկայակոչելով Երևանի ավագանու ազատ և արդար ընտրությունները, դրանց որակը: Սակայն պատճառն այստեղ այլ է՝ ՀՀԿ-ական պատգամավորներն ԱԺ արտահերթ ընտրությունները ձգձգելու փաստարկ բերում են հենց այն, որը Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեռ տեղի չեն ունեցել, դեռ անգամ նախագիծ չի բերվել խորհրդարան, ու դեռ այն պետք է ուղարկել Վենետիկի հանձնաժողով, ինչը ևս ժամանակ է պահանջում։ Փաշինյանը, այսպիսով, վերջիններիս զրկում է հենց ժամանակ ձգելու հնարավորությունից:
Ս.Խաչատրյան