Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ապրիլի 12-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ծրագրվում է եռակողմ հանդիպում:
-Վեհափառ Տեր, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ իր հարցազրույցում հիշատակել է հնարավոր հերթական եռակողմ հանդիպման մասին, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը այդ տեղեկատվությունը:
- Գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա և Մենք, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ' համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ:
Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողմերի միջև աշխատանքներ են տարվում:
-Ձերդ Սրբություն, Ալլահշուքյուր Փաշազադեն նաև անդրադարձել է հայկական կողմի ջանքերով Շուշիի մզկիթի վերականգնման իրողությանը, նշել է, որ հայերը դա անում են սադրիչ նպատակներով: Ընդվզելով հայերի այս քայլի դեմ' շեյխ ուլ իսլամը տեղեկացրել է, որ հարցը բարձրացնելու է Մոսկվայում ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստին: Ինչպե՞ս է վերաբերվում այս մոտեցմանը հայ Եկեղեցին:
-Անշուշտ, Ալլահշուքյուր Փաշազադեն ազատ է բարձրացնել ցանկացած խնդիր, ինչը և հաճախ անում է' տուրք տալով նաև ադրբեջանական քարոզչամեքենայի պահանջներին:
Պատմական փաստ է, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ոչնչացնում է հայկական հետք պարունակող ցանկացած հուշարձան և սրբավայր, ինչպիսին էր պարագան օրինակ' հայոց հավատքի վկա Ջուղայի հազարավոր խաչքարերի կործանման, Բաքվի հայկական եկեղեցու' գրապահոցի վերածման, Նախիջևանի մեր վանքերի և եկեղեցիների ավերման, Արցախի իշխանությունները պահպանում ու վերականգնում են Արցախի հողում գտնվող իրենց պատմական ժառանգությունը, նաև այլ կրոնների պատկանող սրբավայրեր և հուշարձաններ:
Շուշիի մզկիթի վերականգնման վերաբերյալ գոհունակություն արտահայտելու փոխարեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից դրսևորված ընդվզումը և դրա հիմնավորումը Մեզ համար անընկալելի է: Արդար և ազնիվ կլիներ այն արտահայտել սեփական երկրի տարածքում գտնվող հայկական սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործվող բարբարոսությունների առնչությամբ: