Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2016թ. տարեկան հաղորդումը և կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ փոփոխություններ են եղել կառուցվածքային առումով:

 

Պաշտպանն իր խոսքում նշեց՝ ՀՀ-ում խնդիր կա լուծելու ազատությունից զրկվածների իրավունքների հետ կապված խնդիրներ:

 

Անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին, Արման Թաթոյանն ասաց, որ ինքը պահանջել է վնասվածքաբանից՝ այցելել «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին:

 

«Արամ Մանուկյանին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու պահանջով հրատապ միջամտության անհրաժեշտություն կա: Ես ինքս մի քանի անգամ այցելել եմ Արամ Մանուկյանին, որովհետև փաստաբանն ասել էր, որ ջերմությունը բարձր է, չի իջնում: Հիմա պահանջ ենք ներկայացրել, որ անհապաղ վնասվածքաբանը այցելի, որովհետև թե՛ փաստաբանը, թե՛ Արամ Մանուկյանը նշում են, որ դա ոտքի մեջ տեղադրված երկաթե միջամտության արդյունքում է առաջացել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:

 

Նա նշեց, որ Արամ Մանուկյանի առողջական վիճակի հետ կապված՝ ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է մի քանի խնդիր և միջոցներ է ձեռնարկում դրանց կանխարգելման համար:

 

ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձավ նաև Նորքի զինված հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի առողջական վիճակին՝ շեշտելով, որ նա պետք է կրկին ենթարկվի հետազոտությունների. «Պետք է տեղափոխվի քաղաքային հիվանդանոց, դա անհրաժեշտություն է: Նա որոշ դեղեր է սկսել ստանալ, հիմա դատապարտյալների հիվանդանոցում է»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

Սոնա Հարությունյան