Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին:
Քննարկվել են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր:
Նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն ևսպասարկում:Առաջիկայում կսահմանվեն մեխանիզմներ, որով կամրագրվի Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու իրավունքը: Այն հիմք կծառայի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կազմակերպվի նաև ստացիոնար բուժումը` մի շարք ծառայությունների մասով:
Նախարարը կարևորել է, որ արցախցի երեխաները դուրս չմնան իմունականխարգելման գործընթացից և այդ առնչությամբ նշել է, որ արդեն իսկ ծրագրի ղեկավարին հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներհարցի կարգավորման նպատակով: Աշխատանքներ են տարվում նաև պետական ծրագրերով տրամադրվող դեղերը շահառուներին անխափան հատկացնելու ուղղությամբ:
Նախարարները քննարկել են նաև ապագայում Արցախում վերաբնակեցմանը նպաստող առողջապահական մի շարք ծրագրեր:
Միքայել Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և մասնավորապես Արսեն Թորոսյանին` մշտապես արցախի ժողովրդին աջակցելու և հատկապես պատերազմական այս ծանր օրերին բժշկական օգնության կազմակերպման գործում անհրաժեշտ լուծումներ տալու համար: