Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից:

Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա հետևանքով մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում չեն գործում բուհական պատշաճ չափորոշիչներ, բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն:

«Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթությամբ՝ երբեմն երկու դիպլոմով, ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է Հայաստանի ապագայի տակ:

«Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որը ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, մեկնարկել է:

Այս ծրագրի իրականացման արդյունքում, նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ և դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը: