Այս տարի սեպտեմբերի 21-ի տոնակատարություններն աննախադեպ մթնոլորտում անցան, դրանց մասնակցեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ այսօր առավոտյան ես լսեցի ՀՀ ոստիկանության պետի զեկույցը, և ինձ համար շատ կարևոր էր այն, որ իմացա՝ երեկվա տոնակատարությունների ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել: Այսինքն՝ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են մասնակցել տոնակատարություններին, ըստ որոշ գնահատականների՝ մասնակիցների թիվն առավոտից սկսած անցել է 150 հազարի սահմանը, բայց ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Սա իսկապես բացառիկ ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ իսկապես Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտ է տիրում: Կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ տոնակատարության այդ ձևը, երբ բազմաթիվ տեղերում բեմեր են դրված, տարբեր ոճերի, ուղղությունների արվեստագետներ են ներկայանում, իսկ մարդիկ հնարավորություն ունեն այս օրը լինել տոնական բացառիկ մթնոլորտում, շատ արդյունավետ է ու դրական: Կարծում եմ՝ սեպտեմբերի 21-ը այսուհետ Հայաստանում կվերածվի փառատոնի»,- ասաց վարչապետը:
Native ads by Caramel
Նա հայտնեց, որ մեկնում է աշխատանքային այցով Արարատի մարզ և մարզի բնակիչների հետ կհանդիպի Արտաշատի կենտրոնական հրապարակում ժամը 17:00-ին:
«Կհանդիպենք, կքննարկենք մարզի, արտաշատցիներին հուզող խնդիրները»,- եզրափակեց Փաշինյանը: