Խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով 2018 թվականի բյուջեի նախագծին, նշեց այն հիմնավորումները, թե ինչու է ՀԴՆ-ն կողմ այս նախագծին. «Կոռուպցիայի դեմ պայքարի նկատելի արդյունքներ, ստվերի կրճատման միտում, մաքսային ոլորտների էական բարելավում, ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքներում, Հայաստանի գրավչության ամրապնդում և այլն: Այսպիսի իրողություններ է տեսել ՀՅԴ-ն 2018 թվականի բյուջեի նախագծում։ Կուզեի, որ դուք էլ կամաց-կամաց սկսեիք այդպես մտածել»,- ասաց պատգամավորը։
Դիտարկմանը` ընդդիմությունը նշում է, որ կառավարությունը ձախողել է, Վարդանյանը պատասխանեց. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ընդդիմադիր գործընկերները մատնանշում են նաև Մոնումենտի դղյակները, որից ելնլով էլ պահանջում են ստուգումներ անցկացնել Կառավարության գործունեության մեջ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանում տասնյակ-տասնյակ հազարավոր դղյակներ կան և դա միայն Մանումենտին չի վերաբերում: Եթե ընդդիմադիրներն ուզենան ստուգումներ անել՝ թող անեն, դա իրենց գործն է»: