Հայտնի է, որ Մերձավոր Արևելքում երկար տարիներ ձգձգվող ճգնաժամային իրավիճակը, որ արդյուք է աշխարհի գերտերությունների շահերի սուր բախման, ոչ միայն հանգեցրել է հսկայական զոհերի, այլև՝ փախստականների թվի աննախադեպ աճի, ինչի հետևանքով Հին աշխարհում բավական լուրջ ճգնաժամ է սկսվել՝ կապված նույն փախստականների մեծ հոսքի հետ:
Ինչպես հայտնի է, Հայաստանը ևս, պայմանավորված Մերձավոր Արևելքում հայկական սփյուռքի գոյությամբ, վերջին տարիներին տասնյակ հազարավոր փախստականներ է ընդունել Մերձավոր Արևելքից. Հայաստանում ներկայում աշխարհի այս տարածաշրջանից ժամանած շուրջ 25,000 փախստական կա, ինչը դասում է մեր երկիրը մեկ շնչի հաշվարկով ամենամեծ թվով փախստական ընդունած երկրների շարքին: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանը վաղուց պետք է ձեռք բերած լիներ անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ, ինչը, սակայն, այսօր փաստացի չունի:
Պարզվում է, սակայն, որ առաջիկայում մեր երկիրը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ. նման նախաձեռնությամբ են հանդես եկել մասնավորաբար ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը և Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: Ինչպես Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն է նկատել, Հայաստանը լավագույնս է համապատասխանում անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակի չափանիշներին: Իսկ ի՞նչ դա կարող է նշանակել Հայաստանի համար կամ ի՞նչ առավելություններ կարող է սույն կարգավիճակը տալ մեր երկրին: Ամենակարևորն այստեղ այն է, որ եթե մեզ հաջողվի հատուկ կարգավիճակ ձեռք բերել, ապա միջազգային դոնոր կազմակերպությունները հսկայական միջոցներ կարող են ուղղել Հայաստանի ուղղությամբ: Կարճ ասած՝ սա փայլուն հնարավորություն է ֆինանսական օգնություն ստանալու ճանապարհով ռեալ ֆինանսներ բերել երկիր՝ հանգամանք, որը հատկապես Հայաստանի՝ ճահճի մեջ հայտնված տնտեսության պարագայում իսկական փրկօղակի դեր կարող էր խաղալ:
Այն, որ նմանատիպ հարցերի լուծման պարագայում միայն հայկական համայնքի ջանքերը կարող են և քիչ լինել, անկասկած է. վերջապես խոսք է գնում առանձին վերցրած պետության մասին: Բացի դա՝ խոսք է գնում նաև հսկայական միջոցների մասին, որոնք տրամադրվելու են Հայաստանին, եթե ամերիկահայերին հաջողվի համապատասխան կարգավիճակի հարցը լուծել: Իսկ այս ամենն իր հերթին նշանակում է, որ առանց Հայաստանի անմիջական ջանքերի, իսկ ավելի ճիշտ՝ երկրի արտգործնախարարության կողմից առանց համապատասխան միջամտության ու հստակ պլանավորված աշխատանքի այս հարցը գլուխ բերել չի հաջողվելու: Հետևաբար՝ ակնհայտ է, որ դիցուք արտգործնախարար Նալբանդյանը ուղղակի պարտավոր է սեփական ենթակաների միջոցով, ինչու ոչ՝ նաև անձամբ, ակտիվորեն զբաղվել այս խնդրով, ու ցույց տալ ասենք նույն ԱՄՆ-ին, որ ԱՄՆ հայկական համայնքն ամենևին էլ միայնակ չէ իր ձգտումներում ու հանձին Հայաստանի Հանրապետության՝ ունի հստակ նեցուկ իր թիկունքին:
Ինչո՞ւ ենք հատուկ շեշտում այս ամենը: Շեշտում ենք ամենևին էլ ոչ լավ օրից, քանի որ բոլորովին էլ գաղտնիք չէ, որ մեր դիվանագիտությունն երբեք նմանատիպ հարցերում իրեն ակտիվ չի դրսևորել, նախաձեռնողականություն չի ցուցաբերել: Անկասկած է, որ եթե ցանկություն կա կոնկրետ հարց լուծելու, ապա միայն հայկական համայնքի ջանքերն այս հարցում բավարար չեն դիտվելու. հարկավոր է գործի դնել համապատասխան դիվանագիտական խողովակներն ու օգտագործել հայ-ամերիկյան սերտ կապերը՝ կոնկրետ արդյունք գրացնելու համար: Թո՛ղ ներվի ասելը, բայց ասենք նույն ազերիներն իրենց ընձեռնված նմանատիպ հնարավորությունն երբեք բաց չէին թողնի. ի ցույց կդնեին խավիարային դիվանագիտության ողջ հմայքը…
Հուսանք՝ Հայաստանին կհաջողվի համապատասխան կարգավիճակ ձեռք բերել ու գոնե տեսանելի ապագայում դրսից որոշակի օգնություն, այնուամենայնիվ, կստացվի: Եթե աշխարհն անկեղծ է իր մարդասիրական ձգտումներում, ապա Հայաստանը չպետք է անտեսվի:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ