Ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան առաջին նրբանցքի հարևանությամբ ծառեր են հատվում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

 

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Ոստիկանության Մաշտոցի բաժնում:

 

Փաստորեն, Դավթաշեն համայնքը միակը չէ, որտեղ բարդիների «սպանդ» է իրականացվել: Այս անգամ ծառահատման դեպք է գրանցվել Աջափնյակ համայնքում: Հուսանք, որ այս բարբարոսության հեղինակները ևս պատասխանատվության կենթարկվեն:

 

Նշենք, որ Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերը հատող անձը հանդիսանում է Ա.Ս-ն, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանական բացատրություն է տվել, որ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով կտրել է երկու տասնյակից ավելի ծառեր:

 

Բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ:

 

Հավելենք՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ցուցումով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ Ա.Ս.-ն ձերբակալվել է:




 

 

Լուսանկարները՝ Elq.am


Սոնա Հարությունյան