Այսօր՝ ապրիլի 15-ին ավագ շաբաթ է՝ Զատկի ճրագալույցը: Ավագ շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ: Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժ ոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ դրախտը:

 

Եկեղեցական կարգի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

 

Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով նր ա հարությունը մեռելներից: